ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինվորականությունը՝ Փաշինյանի թիրախում․ քավության նոր նոխա՞զ են գտել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Արցախից Հայաստան գալու ճանապարհին ձերբակալվել է 44-օրյա պատերազմի վերջին օրերին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանը։

Գեներալ-լեյտենանտին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության մեջ։

Քննչական կոմիտեի իրականացրած գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արզումանյանը պատերազմի ընթացքում ռազմական դրության պայմաններում, հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչի արդյունքում հակառակորդի զինված ուժերը ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, իսկ հայկական ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։

49-ամյա Միքայել Արզումանյանը Պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ պատերազմում ծանր վիրավորվել էր Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Գրեթե մեկ տարի անց Արզումանյանը ազատվել էր պաշտոնից, ապա նշանակվել Արցախի նախագահի գլխավոր խորհրդական։

Երեկ ձերբակալության լուրից անմիջապես հետո, Արցախի նախագահի մամուլի խոսնակն էր հայտարարել, թե Արայիկ Հարությունյանը ընդհանրապես տեղյակ չի եղել իր գլխավոր խորհրդականի ձերբակալության մասին և ուշի ուշով հետևում են իրադարձություններին։ Հարությունյանը նաև հայտնել էր, թե Միքայել Արզումանյանը հայկական զինված ուժերի կարևոր զորահրամանատարներից մեկն է, որի ազնվության և մասնագիտական հմտություններին ինքը չի կասկածում։

Ըստ էության, շարունակվում է փաշինյանական վարչախմբի կողմից հայկական բանակը անվանարկելու, պատերազմի ամբողջ մեղքը զինվորական հրամանատարության վրա բարդելու քաղաքականությունը։ Դեռևս 44-օրյա պատերազմից հետո, բազմիցս նշել ենք, որ գործող վարչախումբը ունի մեկ խնդիր՝ ամեն գնով, տարբեր զինվորականների մեղավոր կարգել այս կամ այն խնդրի մեջ։

Քննչական կոմիտեի նախագահը, ի դեպ, այդ օրերին էր փախել Շուշիից, որից հետո բավականին լուրջ սկանդալային բացահայտումներ եղան Արգիշտի Քյարամյանի գործողությունների վերաբերյալ։ Պատերազմի ընթացքում ազատվել էր աշխատանքից և ԱԱԾ պետի պաշտոնից, և մինչ օրս որևէ պարզաբանում չկա, թե ինչո՞ւ էր Քյարամյանը ազատվել։

Իսկ այսօր նույն այդ Քյարամյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով ձերբակալում է արցախյան բանակի կարևոր զորահրամանատարներից մեկին։ Ընդ որում սա նաև ցուցադրում է գործող վարչախմբի վերաբերմունքը Արցախի և Արցախի իշխանությունների նկատմամբ, երբ հարկ չեն համարում նույնիսկ Արայիկ Հարությունյանին տեղյակ պահել, որ ձերբակալելու են նրա գլխավոր խորհրդականին։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի զինված ուժերի հրամանատարությունը՝ նախկին և ներկա, կարող է վստահ լինել, որ Փաշինյանի ձեռքերն ինչ-որ պահի հասնելու են նաև իրենց։ Նիկոլ Փաշինյանին քավության նոխազներ են պետք, որոնց էլ նա փորձելու է գտնել՝ ի դեմս զինվորական հրամանատարության։ 

Արթուր Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular