ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն խնդիրներ կունենա քիչ համայնքներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են կայանալու 18 համայնքներում, որոնցից 17-ում ընտրությունները կայանալու են համամասնական ընտրակարգով, և քաղաքական ուժերը պայքարելու են այդ համայնքներում իշխանությունը վերցնելու համար։ Փաստենք, որ գործող փաշինյանական վարչախումբը այս անգամ շատ ավելի լավ է պատրաստվել ՏԻՄ ընտրություններին։

Ի տարբերություն ընդդիմության, որը մի քանի տեղերում է միայն կարողացել թեկնածուներ առաջադրել, իշխանությունը գրեթե բոլոր քաղաքներում բավական լուրջ նախապատրաստություն է տեսել նախապես, որպեսզի կարողանա վերցնել իշխանությունը։ Թերևս առանձին մի քանի համայնքներում է միայն, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է խնդիրներ ունենալ, մասնավորապես, Արագածոտնի մարզի Թալին համայնքում բավական թույլ են գործող իշխանությունների դիրքերը, թեպետ Տավրոս Սափեյանը հայտարարում է, թե ինքն է անպայման անցնելու և լավ է նախապատրաստվել ընտրություններին, սակայն չի բացառվում, որ «Հայ հեղափոխական դաշնակցության» կողմից առաջադրված թեկնածուները կարողանան խլել իշխանությունը փաշինյանական թիմի ձեռքից։

Գրեթե կասկած չի հարուցում, որ Սյունիքի Քաջարան քաղաքում էլ հաղթանակ է տանելու գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ն այստեղ առաջադրել է գործարար Արմեն Առաքելյանի թեկնածությունը։ Վերջինս թեև գրանցված է Քաջարանում, սակայն բնակվում է և իր աշխատանքային գործունեությունը ծավալում է Երևանում։ Ունի մի քանի հյուրանոցային համալիրներ և առանձնապես ակտիվ չէ Քաջարանի քաղաքապետի ընտրություններում։

Մանվել Փարամազյանը նախկինում «Հայաստան» դաշինքի անդամ էր, իսկ Քաջարանը միակ քաղաքը, որտեղ ընդդիմությունը ջախջախել էր գործող իշխանություններին։ Այս անգամ Մանվել Փարամազյանը ընտրություններին մասնակցում է ինքնուրույն, «Արդար Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների կազմած դաշինքով։

Աննա Հակոբյանին վարդեր նվիրելու իր քայլից հետո, Փարամազյանը հայտնվեց ընդդիմության քննադատության թիրախում։ Մինչդեռ, շատ ավելի ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը անտեսեր այս ծաղիկ նվիրելու հանգամանքը, կամ էլ որևէ խելամիտ պատճառաբանություն մտածեր, իր ակտիվ անդամին հարվածելու փոխարեն։

Ըստ էության, նույնիսկ եթե Փարամազյանը դառնա քաղաքապետ, գործող իշխանությունն առանձնապես դրանից չի նեղսրտելու, ընդհակառակը, Փարամազյանին հարվածելուց հետո նա այժմ բավական սերտ աշխատում է գործող իշխանությունների և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Չնայած վերջինս բնավ կապ չունի Սյունիքի հետ, եղել է Փաշինյանի խորհրդականը, մեր աղբյուրների փոխանցմամբ, կարողանում է Սյունիքում բավական հաջող աշխատել նույնիսկ ընդդիմադիր տրամադրված համայնքապետերի հետ։

Եվ, ըստ էության, հենց նա էլ Նիկոլ Փաշինյանին համոզել է, որ որևէ խնդիր չկա, եթե այդ մի համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ չտանի։ Եվ հենց դա է պատճառը, որ Քաջարանում «Քաղաքացիական պայմանագիրն» այնքան էլ ակտիվ չէ, ի տարբերություն մյուս համայնքների, որտեղ գործող իշխանությունները շարունակում են իրենց արատավոր վարքը՝ ընդդիմադիրներին ճնշելու, վարչական ռեսուրսներ ու լծակներ օգտագործելու և ամեն գնով հաղթանակ տանելու համար։ Նիկոլ Փաշինյանը բավական լավ է սերտել դասերը՝ հասկանալով, որ լիակատար իշխանություն Հայաստանի վրա կարող է ունենալ միայն տեղական ինքնակառավարման մարմինները յուրացնելուց հետո։

Աշոտ Խառատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular