ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի իշխանության խոստովանանքը. վտանգ Սարսանգի ջրամբարի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտոնական Ստեփանակերտը հաստատել է, որ ադրբեջանցի մասնագետներ են այցելել Արցախի Մարտակերտի շրջանում հայկական վերահսկողության տակ գտնվող Սարսանգի ջրամբար։ Այս տեղեկությունը նախօրեին տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները, և միայն մեկ օր անց Արցախի իշխանությունների հետ կապ ունեցող տեղեկատվական շտաբը ծավալուն մի գրառում էր արել, թե Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսության» ընկերության մասնագետները հայ մասնագետների հետ միասին դիտարկել են ջրամբարի տարածքը, ստացվել է տեղեկություն ջրի ներհոսքի ու բաց թողման ժամանակացույցի մասին։

Արցախի իշխանությունները խոստովանել են, որ այսպիսի հանդիպումների շարքը սկսվել է պատերազմից հետո դեռ 2021 թվականի փետրվարից, ուղղակի նախորդ անգամները չեն նկարահանվել։ Այս անգամ էլ նախաձեռնության հեղինակը, ըստ Արցախի «Ջրային կոմիտեի» նախագահ Գեորգի Հայրյանի, հայկական կողմն է, և Արցախի մասնագետներն էլ եղել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում։

Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբար է Արցախի բնակչության համար, և ադրբեջանցիների այստեղ հայտնվելը լուրջ վտանգ կարող է ներկայացնել Արցախի բնակիչների համար։ Տարակուսելին այս դեպքում Արցախի իշխանությունների վարքն է, որ նրանք շարունակում են տեղեկությունները թաքցնել հանրությունից և ստիպված են լինում սրտաճմլիկ հաղորդագրություններ տարածել միայն այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը որևէ նման դրսևորման մասին սեփական հաղորդագրությունն ու լուսանկարներն է տարածում։

Ըստ էության, Արցախի իշխանությունները ստիպված են լինելու ռուսների կողմից միջնորդավորված կամ ուղղակի համագործակցել Ադրբեջանի հետ, Արցախի բնակիչների անվտանգությունն ու նորմալ կենսապահովումը ապահովելու համար։

Մինչդեռ փաստն այն է, որ լրջագույն խնդիր է դարձել տեղեկություններն ամեն գնով պահպանելու այս քաղաքականությունը, նույնիսկ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է Արցախի կառավարությունից պահանջել բնակչությանն իրազեկել երկրի շուրջ կատարվող իրադարձությունների մասին։ Նա վկայակոչել է Արցախի սահմանադրությունը, որն ամրագրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը։

- Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեն Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկված լինելու իրավունք և բարոյական անհրաժեշտություն է, նմանատիպ հարցերում կառավարության անգործությունը կամ պասիվությունը հանրության շրջանում մեծացնում է անորոշության զգացողությունը, հավելյալ մտահոգության և անհանգստության պատճառ դառնում,- նշել է մարդու իրավունքների պաշտպանը։

Սա ընդամենը մեկ դրվագով ցույց է տալիս, որ Արցախի իշխանությունները ևս որդեգրել են Հայաստանի գործող իշխանությունների արատավոր վարքը և շարունակում են տեղեկությունները թաքցնել սեփական բնակիչներից։

Մանվել Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular