ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննության առարկա են «Սուրմալու»-ում պայթյունի բոլոր վարկածները․ հարցաքննվելու է նաև տնօրինությունը

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած՝ մարդկային մեծաթիվ կյանքեր խլած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթն իրականացնող քննչական խմբի քննիչների, ինչպես նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազական խմբի դատախազների մասնակցությամբ:

Քննարկվել են նախաձեռնված քրեական վարույթի ընթացքը և միջանկյալ արդյունքները: Ելնելով օպերատիվ իրավիճակի վերաբերյալ հայտնված տեղեկատվությունից և քննարկման արդյունքներց՝ Երևան քաղաքի դատախազը տվել է կոնկրետ հանձնարարություններ քննության հիմնական ուղղությունների, ապացուցողական անհետաձգելի և մյուս գործողությունների, դրանց ծավալի վերաբերյալ:

Նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացվում են դեպքի բոլոր հանգամանքները, հատկապես պայթյունի առաջացման պատճառները, շինության կարգավիճակը, պարունակությունը, դրանց պահպանության իրավաչափության, տարածքում անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանվածության վիճակը, պատասխանատու անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ:

Այսօր առավոտյան ժամը 10.30-ից քննիչների և փորձագետների կողմից սկսվել է իրականավել դեպքի վայրի մասնակի զննություն, որին ներկա են գտնվել նաև դատախազական խմբի դատախազները: Հաշվի առնելով, որ դեպքի վայրում դեռևս շարունակվում են հովացման, ինչպես նաև փրկարարական-որոնողական աշխատանքները՝ դեռևս հնարավոր չի դարձել մոտենալ հրդեհի և պայթյունի առաջացման առաջնային օջախին՝ պատճառներին վերաբերող տվյալների ձեռքբերման համար անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար: Վերջինս կիրականացվի նշված տարածքում առաջնային միջոցառումներն ավարտվելուց, հնարավոր փլուզումների վտանգը չեզոքացնելուց և անվտանգության բավարար պայմաններ ապահովելուց անմիջապես հետո:

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք՝ այդ թվում տուժողներ և առևտրի կենտրոնում առերևտրային գործունեությամբ զբաղվող տաղավարների սեփականատերեր: Այս գործընթացը շարունակվում է, քննության պլանավորմանը համապատասխան՝ հարցաքննվելու են նաև Սուրմալու տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցները:

Պահանջվել են տոնավաճառում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների տնտեսություններին վերաբերող բոլոր տվյալները, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքում տեղակայված բոլոր տեսաձայնագրող սարքերը:

Իրականացվում է փլատակներից դուրս բերված անձանց մարմինների ճանաչման, նույնականացմանն ուղղված աշխատանքներ:

Նաև՝ նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահրդեհա­տեխնիկա­կան, դատաճարտարատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատա­ապրան­քա­գիտական, դատաձայնգարային, և դատահամակարգչատեխնիկական համալիր փորձաքննություն: Ելնելով այսօրվա խորհրդակցության արդյունքներից՝ Երևան քաղաքի դատախազի կողմից խնդիր է դրվել նշանակելու նաև դատապայթյունատեխնոլոգիական փորձաքննություն:

Քննության առարկա են բոլոր վարկածները: Այս համատեքստում մամուլում հրապարակված՝ պայթյունի պատճառների, հնարավոր վարկածների վերաբերյալ բոլոր՝ իրենց մեջ կոնկրետություն պարունակող հրապարակումները Երևան քաղաքի դատախազի կողմից ուղարկվել են նախաքննական մարմնին՝ դրանց արժանահավատությունը պարզելու, քննության առարկա դարձնելու նպատակով:

Քննության ընթացքն ու ստացվող տվյալները սեղմ պարբերականությամբ զեկուցվում են ՀՀ գլխավոր դատախազին, ում կողմից տրվում են հանձնարարություններ:

ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության երաշխավորման, կատարված ողբերգության հանգամանքները լիարժեք բացահայտելու հարցում:    

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular