Հայաստանի առողջապահության գործակալության կայքում կարելի է հետևել, թե ինչպես են ծախսվում պետպատվերի գումարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԿՆՈՋ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԱՊԱԳԱՅԻ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի առողջապահության գործակալության կայքում կարելի է հետեւել, թե ինչպես են ծախսվում պետպատվերի գումարները
10 հունիսի, 18:41
Առողջապահության պետական գործակալության կայքում ամբողջական հաշվետվություն է հայտնվել առողջապահության պետական ֆինանսավորման մասին: Հունիսի 10-ին կայքի նոր հնարավորություններն է ներկայացրել գործակալության պետ Սարո Ծատուրյանը:
Նրա խոսքով, առողջապահության պետական ֆինանսավորման մասին հաշվետվությունը տեղադրված է գործակալության sha.am կայքում` «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության երկրորդ գործողությունների ծրագրով:
Կայք մտնելիս ձախ կողմից ներքեւում երեւում է «Բաց կառավարման գործընկերության» լոգոն: Դրա վրա սեղմելով` անցնում ես «հանրային հաշվետվություններ» վերնագրով էջ, իսկ այդ գրության վրա սեղմելիս, բացվում է հաշվետվությունների ցուցակը, իրենք` հաշվետվությունները ներկայացված են pdf ձեւաչափով:
Մասնավորապես, հանրային հաշվետվությունների բաժնում տեղեկություններ են ներկայացված բուժհաստատությունների պետպատվերով ֆինանսավորման վերաբերյալ, ինչպես առաջնային օղակի, այնպես էլ ստացիոնարների: Հաշվետվություն կա անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստացած անձանց մասին: Կարելի է տեղեկություններ ստանալ կոնկրետ բուժծառայությունների մասին, որոնք տրամադրվել են պետպատվերի շրջանակում. սրտի անհետաձգելի վիրահատություններ, ծննդօգնություն եւ այլն: Տեղեկություն է ներկայացված նաեւ միջոցների բաշխման վերաբերյալ հանրապետության մարզերում կամ ըստ տարիքային խմբերի:
Կայքն օգտատերերին հնարավորություն է տալիս իրենց հետաքրքրող ավելի կոնկրետ տվյալները հարցնել մի քանի պարամետրով: Գլխավոր էջին աջ կողմում նշան կա` «Հաշվետվողական համակարգ» գրությամբ, որի վրա սեղմելուց հետո ընտրում ենք «հանրության համար» տարբերակը: Համակարգը որեւէ գրանցում կամ գաղտնաբառ չի պահանջում:
Դրանից հետո անհրաժեշտ է ընտրել ներկայացված հաշվետվությունների հինգ տեսակներից մեկը եւ չորս պարամետր, եւ ցանկալի հաշվետվությունը ստանալ pdf, word կամ excel ձեւաչափով:
Սարո Ծատուրյանը նշել է, որ կայքում նաեւ այլ օգտակար տեղեկություններ կան, օրինակ` ֆինանսավորման բաժնում կարելի է տեղեկություններ ստանալ այն մասին, թե որ բուժհաստատությունում է տեղադրված պետպատվերը:
Շնորհանդեսին ներկա էին ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնք հանդես եկան հաշվետվության վերաբերյալ մի շարք առաջարկներով: Մասնավորապես, առաջարկ է հնչել, որ կայքում մշտապես թարմացվող տեղեկություն լինի այն մասին, թե ճշգրիտ որ հիվանդանոցում պետպատվեր կա, որպեսզի հիվանդները ստիպված չլինեն հերթով դիմել մի քանի հիվանդանոցի: Սարո Ծատուրյանը նշել է, որ բուժհաստատությունների հետ Առողջապահության նախարարության պայմանագրի համաձայն, այդ հաստատությունները պետք է կայքեր ունենան եւ դրանցում պետք է տեղեկություն տեղադրված լինի պետպատվերի մասին, սակայն բուժհաստատություններն այս կամ այն պատճառով դա չեն անում: Այս տեղեկությունը կարելի է ստանալ` գործակալություն զանգելով թեժ գծով` 8003 կամ քաղաքային հեռախոսով` 654711: