ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


50 հազար դրամով էլեկտրակայան Փաշինյանի եղբորը. ինչպե՞ս է ծաղկում կոռուպցիան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, հայտարարում են, թե Հայաստանից 2018 թվականի իշխանափոխությունից հետո վերացրել են համակարգային կոռուպցիան, պարզվում է՝ այն ոչ միայն ծլում և ծաղկում է, այլև դրան մաս են կազմում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները։

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը մեկ տարի առաջ Մարց գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանը 50 հազար դրամով վաճառել են մի ընկերության, որտեղ անմիջապես տնօրեն է դարձել Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։ Կասկածահարույց գործարքը, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, կնքվել է Դարբինյան եղբայրների և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի 20-ամյա եղբորորդու՝ Յուրի Քոքոբելյանի միջև խորհրդարանական արտահերթ ընտրություններից երկու ամիս առաջ։

Պետռեգիստրի տվյալներով, վաճառքի օրն իսկ ընկերության տնօրեն է դարձել վարչապետի եղբայրը, որը մինչ իշխանափոխությունը բնակվում էր Ռուսաստանում, իսկ եղբոր վարչապետ դառնալուց հետո, վերադարձել է Հայաստան։ Ուշագրավն այն է, որ Փաշինյանի եղբայրը Քոքոբելյաններին պատկանող միանգամից 4 ընկերության տնօրեն է դարձել։

Սամվել Դարբինյանն ու եղբայրը հրաժարվում են պատասխանել հարցին, թե ինչո՞ւ և ինչպե՞ս են որոշել վաճառել իրենց եկամտաբեր, տարեկան ավելի քան 200 հազար դոլարի արտադրանք թողարկող փոքր հիդրոէլեկտրակայանը։ Ընդամենը ասում են՝ ոչ մի պատճառ չկա, պետք է վաճառեինք, վաճառել ենք։ Լավ փորփրելու դեպքում նման դեպքերը կարող են տասնյակների և հարյուրների հասնել։

Իշխանափոխությունից հետո չնչին կոպեկներ են վերադարձվել Հայաստանի պետական բյուջե, որոշ մասն էլ «Ապօրինի բռնագրավման» մասին օրենքի շրջանակներում ներկայացրել են դատարան՝ բռնագրավման։ Հայաստանում իշխանափոխությունից հետո տեղի են ունենում կապիտալի վերաբաշխման գործընթաց, և արդյունքում փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ կարողանում են ձեռք գցել բավական յուղոտ բիզնեսներ։ Նրանց կողմնակիցներն, ինչևէ, կշարունակեն պնդել, թե պատերազմում պարտություն կրած վարչախումբը շարունակում է Հայաստանը տանել ժողովրդավարացման ճանապարհով, մինչդեռ փաստն այն է, որ գործ ունենք սովորական քրեական հանցագործների հետ, որոնք զավթել են իշխանությունը և Հայաստանում փայ են մտնում տարբեր բիզնեսներին։

Գևորգ Աղաբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular