ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղի արտգործնախարար. Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսությունն է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Regnum.ru-ն գրում է, որ  ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր խոչընդոտը հայատյացությունն է, որը հանդիսանում է Ադրբեջանի պետական ​​գաղափարախոսությունը։ Այդ մասին REGNUM-ին տված հարցազրույցում, ի պատասխան պաշտոնական Բաքվի պարբերական ռազմատենչ հայտարարությունների մասին հարցին, ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Պաշտոնական Բաքուն անընդհատ հայտարարում է, որ պատրաստ է բանակցությունների։ Այո, որոշակի բանակցություններ ընթանում են, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում։ Բայց, մյուս կողմից Բաքուն պահպանել է, այդ, այսպես կոչված, «հաղթողի բարդույթի» ագրեսիվությունն ու ինքնավստահությունը։ Չնայած, ըստ էության, դա շատ ու շատ հռետորական հարց է, թե ո՞վ ում հաղթեց, կամ ո՞վ ում պարտվեց։ Մենք, օրինակ, կարծում ենք, որ ավելի շատ պարտվել ենք ինքներս մեզ, քան դիմացինին։ Բայց Ադրբեջանի այդ ագրեսիվությունը, այդ պնդաճակատությունը ոչ մի կերպ չի վերացել։ Ավելին, մենք տեսնում ենք, թե ինչ հռետորաբանություն է օգտագործում պաշտոնական Բաքուն։ Այդ երկրի նախագահն ասում է, որ Լեռնային Ղարաբաղ ընդհանրապես գոյություն չունի։ Դա հակասում է ոչ միայն իրականությանը և բոլոր հիմնարար փաստաթղթերին, այլ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որը ստորագրել է անձամբ Ալիևը։ Ի՞նչ է նշանակում, որ Լեռնային Ղարաբաղ չկա։ Այդ դեպքում ի՞նչ կա դրա փոխարեն: Երևի դա՞ է իրենց տեսլականը, իրենց ծրագիրը,  որ Ղարաբաղը չպետք է լինի, և իրենք ձգտում են հասնել դրան։ Մենք կարծում ենք, որ նման հռետորաբանությունը, այս հայատյացությունը, ադրբեջանական պետության նման պետական ​​գաղափարախոսությունը հիմնական խոչընդոտն է  հակամարտության վերջնական լուծման և ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորման համար։ Որովհետև ատելությունը թույլ չի տալիս հասնել խաղաղության։ Եվ մենք, ցավոք, Ադրբեջանում այդ ուղղությամբ առաջընթաց չենք տեսնում։ Ավելին, հակահայկական այս հռետորաբանությունը հատկապես վերջին շրջանում գնալով ավելի է կոշտանում»,- ասել է Դավիթ Բաբայանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular