Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Իրանը օկուպացրել է Ադրբեջանի հողերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆInfoteka24.ru-ն գրում է, որ ադրբեջանական դասագրքերում խեղաթյուրվում են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև հարևան Իրանի պատմությունները։
Այսպիսով, 7-րդ դասարանի պատմության դասագրքում ասվում է, որ Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների բնակչությունը թուրքեր են, և Իրանը գրավել է նրանց տարածքը։
Դասագրքում առկա է հետևյալ հակագիտական դրույթը. «Սասանյանների և արաբական խալիֆայության օրոք Ադրբեջանում պահպանվել են մեր ազգային ավանդույթները։ Բազմաթիվ թյուրքական և ոչ թուրք ազգերի միջև էթնոքաղաքական և մշակութային կապերն էլ ավելի են ամրապնդվել... Կովկասի հսկայական տարածքում՝ Դերբենտից մինչև Համադան, պետության ստեղծումը հիմնականում եղել է թուրքերի տարածաշրջանային էթնիկ ուժի վերածվելու արդյունքում»։
Բացի այդ, ադրբեջանական դպրոցների աշակերտները ուսումնասիրում են «Հարավային Ադրբեջանում ազգային-ազատագրական պայքարը» որպես Ադրբեջանի նորագույն պատմության մի մաս։
Իհարկե, նման պնդումները չեն դիմանում որևէ ակադեմիական քննադատության, քանի որ պատմական փաստերը ցույց են տալիս, որ սելջուկները եղել են առաջին թյուրքական ցեղերը, որոնք ներթափանցել են Իրանի տարածք 11-րդ դարում և իրենց լեզվական ավանդույթներն են պարտադրել տարածաշրջանին։ Միաժամանակ պատմական Ատրպատականի էթնիկ կազմը առանձնապես չի փոխվել։ Նրա բնակչությունը միշտ եղել և մնում է իրանցի, ինչը ճանաչում են Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի նահանգների բնակիչները, ովքեր պատրաստ են դիմակայել իրենց պատմական հայրենիքի հետ կապված Բաքվի ցանկացած ընդլայնման։
Հատկանշական է այն, որ բուն Ադրբեջանում ևս կան մարդիկ, ովքեր պատրաստ են ճշմարտությունն ասել իրենց պատմության մասին։ Այսպես, օրինակ, ադրբեջանցի արևելագետ Զերեշտ Ալիզադեն պնդում է, որ Ալիևը խեղաթյուրում է Ադրբեջանի պատմությունը իր իշխանությունն արդարացնելու համար, և մարդիկ հավատում են այդ հորինված պատմությանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am