ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովի հետ ասուլիսը իշխանությունների համար խուճապի առիթ է դարձել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի երեկ կայացած ասուլիսը նոր խուճապի լուրջ առիթ է դարձել Հայաստանի իշխանությունների համար։ Բանն այն է, որ պաշտոնական ասուլիսներում սովորաբար հստակ ընթացակարգ գոյություն ունի. նախարարներին տալիս են երկուական հարց տարբեր կողմերից, ընդ որում հարցերից մեկը տալիս է պետական լրատվամիջոցը, մյուսը՝ որևէ մասնավոր լրատվամիջոց, և բոլոր դեպքերում հարցերը նախապես ճշտված են լինում տվյալ երկրի արտգործնախարարության մակարդակով։ Ռուսական կողմից, հիշեցնենք, երեկ առաջին հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, և այն տվել էր ռուսական պետական հեռուստաընկերությունը։
 
Երկրորդ հարցի հեղինակը ևս կրկին պետական, սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ առնչվող «Զվեզդա» հեռուստաընկերության լրագրողի հարցն էր, որը վերաբերում էր Հայաստանում քաղաքական ճգնաժամի առկայությանը։ Արարատ Միրզոյանը թեև խուսանավեց այդ հարցից, հայտարարեց, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, բայց փաստը, որ Ռուսաստանը լրջորեն հետևում է Հայաստանում ընթացող իրադարձություններին և իր համար արձանագրումներ անում, խուճապի են մատնել թե՛ Արարատ Միրզոյանին, թե՛ նրա անմիջական ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանին։
 
Մեր տեղեկություններով, ասուլիսից հետո Միրզոյանն անձամբ է ակնարկել Սերգեյ Լավրովին, որ նախ նման հարցի վերաբերյալ պայմանավորվածություն չի եղել, երկրորդը՝ իրենց համար խիստ տարօրինակ է, որ Ռուսաստանը հետևում է Հայաստանում ընթացող սակավամարդ ակցիաներին և եզրահանգումներ անում, մինչդեռ Հայաստանում ունեն իրենց պես դաշնակիցներ։ Նույն տոնայնությամբ ակնարկներ արել է նաև Նիկոլ Փաշինյանը։
 
Փաստացի, Հայաստանի իշխանություններն իրենք էլ հասկանում են, որ ռուսական պետական Պաշտպանության նախարարության հետ կապ ունեցող լրատվամիջոցի լրագրողի հարցը բնավ էլ պատահական չէ, հատկապես պատերազմական պայմաններում, երբ Պաշտպանության նախարարությունը առաջատար է դառնում քաղաքական ազդեցության առումով, հենց Սերգեյ Շոյգուի գլխավորած գերատեսչությանը պատկանող հեռուստաընկերության կողմից նման հարցի արծարծումը արդեն իսկ խնդրահարույց է գործող իշխանությունների համար, և նրանք իրենց մտահոգությունները հայտնել են նաև ռուսներին, սակայն առանձնապես որևէ ուշադրության չեն արժանացել։
 
Այդուհանդերձ փաշինյանական իշխանությունը ինքն էլ պետք է մտահոգվի, հայաստանյան ընդդիմության ակցիաների սակավամարդությունը բնավ էլ պատրվակ չէ, որ հանգիստ նստեն։ Ըստ էության, Ռուսաստանը երեկ մի լրագրողի բերանով հասկացրեց իշխանություններին, որ իրենք էլ մտահոգություններ ունեն հայաստանյան իշխանությունների վարքից։

Սամվել Վարոսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular