Ուկրաինացի գերիների թիվը հասել է 6489-ի. Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը բացել է մայրցամաքով դեպի Ղրիմ ճանապարհային երթևեկությունը և պայմաններ է ստեղծել Դոնբասի և Ուկրաինայի տարածքի հետ երկաթուղային հաղորդակցությունը վեց հատվածով վերականգնելու համար։ Այս մասին երեքշաբթի գերատեսչությունում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նախարարի խոսքով՝ ռուս զինվորականներն ամբողջությամբ ազատագրել են Սևերոդոնեցկի բնակելի թաղամասերը և Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքի զգալի մասը, իսկ Բերդյանսկի և Մարիուպոլի նավահանգիստները պատրաստ են բարձել հացահատիկ:
ՏԱՍՍ-ը հավաքել է Շոյգուի հիմնական հայտարարությունները։
Ղրիմ տանող միջանցքի մասին
«Ռուսաստանի տարածքից մայրցամաքով դեպի Ղրիմ ավտոմոբիլային հաղորդակցություն է բացվել»,- ասել է նախարարը։ Նախկինում Ռուսաստանի տարածքի հիմնական մասից թերակղզի հնարավոր էր հասնել միայն Կերչի նեղուցով անցնող Ղրիմի կամրջով։
Բացի այդ, պայմաններ են ստեղծվել Ռուսաստանի, Դոնբասի և Ուկրաինայի տարածքի միջև վեց հատվածներով լիարժեք երկաթուղային տրանսպորտի վերականգնման համար։
«Մենք սկսել ենք ապրանքներ մատակարարել Մարիուպոլ, Բերդյանսկ և Խերսոն»,- ասել է Շոյգուն՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ վերականգնվել է 1200 կմ երկարությամբ երկաթուղի։
Բերդյանսկի և Մարիուպոլի նավահանգիստների մասին
Ռուս զինվորականները, հիշեցրել է նախարարը, ավարտել են Մարիուպոլի նավահանգստի ականազերծումը. այն գործում է նորմալ և ընդունել է առաջին բեռնատար նավերը։ Բացի այդ, սկսել է աշխատել Բերդյանսկի նավահանգիստը, որը գտնվում է Զապորոժիեի շրջանում։
«Գերագույն հրամանատարի անունից մենք պատրաստ ենք հացահատիկ բեռնել այս նավահանգիստներում»,- հավելել է Շոյգուն։
Անցած ուրբաթ Պուտինն առաջարկել էր առանց որևէ պայմանի ուկրաինական հացահատիկի արտահանումը կազմակերպել ռուսական կողմի վերահսկվող նավահանգիստներով, այսինքն՝ Բերդյանսկով և Մարիուպոլով։
Դոնբասում առաջխաղացման մասին
Ռուսական ուժերն ազատագրել են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զգալի մասը Սևերսկի Դոնեցկի ձախ ափին, այդ թվում՝ Կրասնի Լիման և Սվյատոգորսկ քաղաքները, ասել է պաշտպանության նախարարը։
Ուկրաինական կորուստների մասին
Ուկրաինացի զինվորների ընդհանուր թիվը, որոնք հանձնվել են, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, հասել է 6489-ի, միայն վերջին հինգ օրվա ընթացքում 126 մարդ է հանձնվել, ասել է Շոյգուն։
Միաժամանակ նա տվյալներ չի ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի և այս երկրի իրավապահ մարմինների սպանված և վիրավորված զինծառայողների մասին։
Խոսելով արտերկրից Կիևին մատակարարվող ռազմական տեխնիկայի ոչնչացման մասին՝ նախարարը նշել է, որ վերջին տասը օրվա ընթացքում ոչնչացվել է 155 մմ տրամաչափի 21 հաուբից, 16 անօդաչու թռչող սարք, 12 զրահամեքենա և երկու բազմակի հրթիռային կայան։