Ուկրաինայի 20%-ը գտնվում է Ռուսաստանի օկուպացիայի տակ. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման մեկնարկից ի վեր ռուսական զորքերը գրավել են 3620 բնակավայր, որոնցից 1017-ն արդեն ազատագրված է, իսկ երկրի տարածքի 20%-ը ներկայումս գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, գրում է ukranews.com-ը։
«Ռուսական զորքերը մտել են Ուկրաինայի 3620 բնակավայր, որից 1017-ն արդեն ազատագրվել է, ևս 2603-ը պետք է ազատագրվի: Այսօրվա դրությամբ մեր տարածքի մոտ 20%-ը գտնվում է օկուպանտների վերահսկողության տակ»,- ասել է նա։
Զելենսկին նաև ընդգծել է, որ գրեթե 300 հազար քառակուսի կիլոմետրը աղտոտված է ականներով և արկերով, որոնք չեն պայթել։ Նախագահը եզրակացրել է, որ այս պահին գրեթե 12 միլիոն ուկրաինացիներ դարձել են ներքին տեղահանվածներ, ավելի քան 5 միլիոնը մեկնել է արտերկիր։
Բացի այդ, պետության ղեկավարի խոսքով՝ մարտերը շարունակվում են ավելի քան 1000 կմ երկարությամբ առաջնագծում։
«Խարկովից մինչև Նիկոլաև մարտերը շարունակվում են, նրանց միջև ուղիղ գծով կա մոտ 450 կմ, բայց եթե նայեք ամբողջ ճակատային գծին, և դա, իհարկե, ուղիղ գիծ չէ, ապա այս գիծն ավելի քան 1 հազար կմ է»,- ասել է նա։