ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


44-օրյա պատերազմի մասնակցին խոստացել են Արցախի հերոսի կոչում տալ, հետո փոշմանել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս մեր խմբագրություն էր զանգահարել արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Դանիելյանը.

«Մի հարց կա, որի պատասխանը ոչ մի կերպ չեմ կարողանում իմ մեջ գտնել»:

Հայկը զորակոչվել է 2019 թվականի ամռանը, 6 ամիս ծառայել է Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել է Հադրութի զորամաս: Մինչ հոկտեմբերի 28-ը կռվել է Հադրութում, հետո տեղափոխվել է Մարտունի 2-րդ, նոյեմբերի 2-ին իր գումարտակի հետ տեղափոխվել է Շուշի, որտեղ էլ կռվել է մինչև նոյեմբերի 9-ի փաստաթղթի կնքումը:

«Ես սերժանտի կոչում ունեմ, բանակում հակատանկիստ եմ եղել: 44-օրյա պատերազմի ժամանակ 12 միավոր տեխնիկա եմ խոցել, որից ինը՝ տանկ: Դրանից հետո հոկտեմբերի 4-ին բանավոր կերպով ինձ ասացին, որ Արցախի հերոսի կոչում են տվել, բայց պատերազմի վերջում իմացա, որ ոչ մի կոչում էլ չեն տվել: Ես ինքս չեմ լսել, բայց շատերն են ասել, որ պատերազմի օրերին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հեռուստատեսությամբ ուղիղ իմ անունը նշել է հերոսի կոչում ստացածների շարքում: Իմ ընտանիքի անդամները սոցցանցերով տեսել են իմ անունը: Հետո խոսակցություններ լսեցի, որ «Մարտական խաչ» են ցանկանում տալ, մարդիկ եկան-գնացին, ասացին, որ մինչև զորացրվելս կլուծեն խնդիրը, բայց այդպես էլ ոչ մի բան չփոխվեց. 2021 թվականի օգոստոսի 24-ին զորացրվեցի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է Հայկը:

No description available.

Հայկի խոսքով՝ ինքն ինչ-որ մեկից ինչ-որ բան չի պահանջում, ուղղակի ուզում է, որ ինչ-որ մեկն իրեն բավարար պատասխան տա.

«Ես փառքի հետևից չեմ գնում, ոչ էլ ինձ իրենց մեդալն է պետք: Ես ուզում եմ հասկանալ՝ խնդիրը ո՞րն է, եթե 10 միավոր տեխնիկա խփողին տալիս են կոչումը, 12 միավոր խփողին ինչո՞ւ չեն տալիս: Ես ուզում եմ շեշտել, որ իմ արածը հերոսություն չեմ համարում, ինձ կոչումներ պետք չեն, ուղղակի ուզում եմ տրամաբանությունը հասկանալ»:

Հարցին, թե փորձե՞լ է որևէ տեղ դիմել, հետաքրքրվել, պատճառներն իմանալ, Հայկը պատասխանեց.

«Ինձ հետ նույնիսկ պատգամավոր Արփի Դավոյանն է կապ հաստատել: Եկավ, մանրամասներն իմացավ, ասաց, որ շուտ կլուծի այդ հարցը, գնաց ու գնաց:»:

Մենք կապ հաստատեցինք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ՝ պարզելու համար՝ Հայկի խնդրի ուղղությամբ որևէ աշխատանք տարվե՞լ է: Վերջինս բավականին կոպիտ պատասխանեց, որ ցանկություն չունի պատասխանելու մեր որևէ հարցի և անջատեց հեռախոսը: Այնուամենայնիվ, մենք պատգամավորի ֆեյսբուքյան էջին հաղորդագրություն գրեցինք, որտեղ մանրամասն ներկայացրինք խնդիրը, սակայն Դավոյանի կողմից որևէ արձագանք չեղավ:

Հայկի հարցի պատասխանն ստանալու ակնկալիքով մենք հարցում ենք ուղարկել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրասենյակ:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular