ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյան-Ալիև սիրախա՞ղ․ ընդդիմության մուտքն Արցախ արգելել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ մենակ էր մնացել։ Նիստը սկսվելուց հաշված րոպեներ անց, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները փորձեցին Արցախի դրոշ դնել ամբիոնին և իրենց սեղաններին, ինչը կանխեցին գործող իշխանության պատգամավորները։ Դրանից հետո ընդդիմությունը հայտարարեց, թե այս շաբաթ հրաժարվում է մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, քանի որ իշխանությունը անհամարժեք է արձագանքում երկրի առջև ծառացած մարտահրավերներին, հանձնում է Արցախը և Հայաստանի ինքնիշխանությունը և որոշեցին բոլորը միասին մեկնել Արցախ։ Ընդդիմությունն, ի դեպ, պատրաստված էր եկել, իր հետ բերել էր նաև իր պայուսակները, որոնցով էլ շարժվեցին Արցախի ուղղությամբ։

Ժամեր անց հայտնի դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորներին պարզապես թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ։ Նրանց կանգնեցրել էին ճանապարհին՝ Լաչինի անցակետի մոտ, թույլ չեն տվել հատել անցակետը և մուտք գործել Արցախ։ Ընդ որում այս ամենը իրականացվել է առանց որևէ բացատրության։ Ի դեպ պատահական չէ, որ երբ ընդդիմադիրները հայտարարեցին Արցախ մեկնելու մասին, իշխանական կայքերը հայտնեցին, իբր Արայիկ Հարությունյանը չեղարկել է ընդդիմադիրների հետ պլանավորած հանդիպումը, այնինչ նման հանդիպում, ըստ ԶԼՄ-ների, նախատեսված չի էլ եղել։

Փաստացի, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մուտքը Արցախ արգելվել է ոչ թե Հայաստանի գործող իշխանությունների, այլ Արցախի իշխանությունների հանձնարարությամբ։ Նույն Արայիկ Հարությունյանը օրեր առաջ միասնական օրակարգի, ներքաղաքական կայունության և համախմբման մասին էր ճամարտակում։ Փոխարենը, այսօր թույլ չի տալիս ընդդիմության մուտքը Արցախի տարածք։ Իսկ իշխանական խմբակցությունը մենակ մնալով խորհրդարանում՝ արագորեն դակեց բոլոր նախագծերը, ընդունեց այն ամենը, ինչ պետք է ընդուներ, դեմ քվեարկեց ընդդիմության ներկայացրած նախագծերին, ձեռքի հետ էլ յուրաքանչյուր երկու բառ իրար կապելու ընդունակ պատգամավոր բարձրացավ ամբիոնի մոտ՝ բմբլելու ընդդիմադիրներին։

Իշխանության վարքը կարելի է բնութագրել մեկ բառով. անասելի ցինիկ։ Երբ ստեղծված իրավիճակում, փոխանակ զբաղվեն շատ ավելի կարևոր գործերով, երկրին սպառնացող վտանգներով, առիթ են փնտրում ընդդիմությանը քննադատելու համար։ Ոչ պակաս քննադատության արժանի են նաև ընդդիմադիրները, որ իրական քննադատությունը, բովանդակային խոսքն ու քաղաքական միտքը թողած, զբաղված են ընդամենը Արցախի դրոշը այս ու այնտեղ, խորհրդարանի ամբիոնի վրա տնկելու անպտուղ գործողություններով` իշխանությանը հնարավորություն տալով այսկերպ իրենց հետ մտնելու բովանդակազուրկ բանավեճերի դաշտ, որից բնականաբար չի շահում Հայաստանի Հանրապետությունը։

Սարգիս Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular