Այս քաղաքական ուժը եկել է քանդելու ամեն ինչ․ Արսեն Ջուլֆալակյանը՝ սպորտի խնդիրների մասին
ՍՊՈՐՏԱԺ նախկին իշխանական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Մեկը կար, մի ժամանակ ԿԳՄՍՆ էր՝ Հարությունյան Արայիկ անունով: Երբ հրապարակային հայտարարեցի (ապացույցներով), որ այդ անձը կործանում է բոլոր այն կարևորագույն ոլորտները, որ իրեն վստահված են, ինչպես հաճախ է պատահում, մի քանի օր քննարկվեց և ապա սառեցվեց թեման, առանց որևէ լուրջ հետևանքի:
Հետո սկսվեց աղետալի պատերազմը և բնականաբար, այդ հարցը մոռացության մատնվեց: Պատերազմից հետո բացարձակ պարզ դարձավ իշխող քաղաքական ուժի կործանարար բնույթը: Նման պայմաններում ակնկալել, որ ԿԳՄՍ-ի հանդեպ կլիներ հատուկ վերաբերմունք, մեղմ ասած անիմաստ էր: Բայց զուտ իմիտացիայի համար «հերոսին» հանեցին պաշտոնից և, փոխանակ ձախողումներին գնահատական տրվեր, նշանակեցին նորանոր, մեկը մյուսից ավելի լավ պաշտոնների:
Մարդն այնքան անամոթ գտնվեց, որ իր հրաժարականի տեքստում ոչ մի մեղք չընդունեց: Դեռ ավելին, ի թիվս տարբեր «սպորտային ձեռքբերումների» նշեց, որ «մարզիկները/մարզաշխարհն երբեք այնքան անկախ չեն եղել, ինչքան նրա նախարար լինելու օրոք…»:
Ցավոք, տարբեր պատճառներով մարզաշխարհն հիմնականում լռեց: Իսկ իմ մի քանի անդրադարձը ( այս ընթացքում շատ քիչ եմ խոսել սպորտից,այլ առավելապես ներքին և արտաքին քաղաքականությունից, քանզի ըստ իս, պետականությունը պահպանելու գերխնդիր կա. մինչ այդ՝ մնացած բոլոր թեմաներն երկրորդական են…) դիտարկվեց որպես «ընդդիմադիրի անհիմն մեղադրանքներ»:
Թե քանի մարզիկ այս ընթացքում լքեց Հայաստանը, քանիսը ավարտեցին կարիերան, քանիսը բացարձակ անտարբերության են մատնված և ինչքան խոստում չի կատարվել, դժվար է հաշվել:
Այսօր արդեն տարբեր տիտղոսակիր մարզիկներ սկսել են բարձրաձայնել խայտառակ խնդիրների մասին: Ցավալի է, որ միայն հիմա, բայց լավ է ուշ, քան երբեք:
Իհարկե, որևէ ակնկալիք չունեմ, քանզի ինչպես արդեն նշեցի, այս քաղաքական ուժը եկել է քանդելու ամեն ինչ:
Բայց կարևոր է ֆիքսել, որ ժամանակին իմ կողմից արված հիմնավոր ահազանգերը,որ անուշադրության մատնվեցին, այժմ ապացուցվում են մի շարք մարզիկների կողմից: Դժվար թե այդքան մարզիկ քաղաքական դրդապատճառով միանգամից ձայն բարձրացնեին): Համոզված եմ, որ միայն այսքանը չեն:
հ.գ. «թզբեխով ամենագետը»»։