ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետի հակաիշխանական խաղերը ՔՊ-ին մղում են ընտրության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ թափով լծվել է Երևանի ավագանու ընտրությունները հնարավորինս շուտ կազմակերպելու գործընթացին։ Մեր տեղեկություններով, արդեն իսկ փաթեթը պատրաստ է, և առաջիկայում Ազգային ժողովին է ներկայացվելու Երևանի վարչատարածքային փոփոխությունների նոր նախագիծը, որով Ջրվեժը կմիանա Երևան համայնքին, ինչը հնարավորություն կտա Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անել։ Բանն այն է, որ այլ տարբերակ արտահերթ ընտրություններ անելու գործող իշխանությունը պարզապես չունի, օրենքը թույլ չի տալիս ընտրված քաղաքապետին հեռացնել իշխանությունից, ընտրվելուց հետո մեկ տարի ժամկետում, և միակ եղանակը վարչատարածքային նոր փոփոխություն իրականացնել խորհրդարանով և նոր ընտրություններ նշանակելն է։ 
 
Վերջին օրերին անասելի ակտիվություն է դրսևորում նաև Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ի ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանը։ Վերջինս հանդիպումներ է նախաձեռնում վարչական շրջաններում, փորձում հասկանալ, թե ինչ հնարավորություն ունի «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որտեղ են իրենց թույլ տեղերը և ինչ կարող են անել։ 

Երևանի ավագանու մեր աղբյուրի փոխանցմամբ, պատճառն այն է, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը լիովին դուրս է եկել իշխող ուժի վերահսկողությունից և ընդհուպ մտածում է սեփական դեմքով ու ուժով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին։ Երևանի գործող քաղաքապետը՝ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի դրդմամբ և մասնակցությամբ, վերջին օրերին հանդիպումներ է ունեցել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամների հետ, փորձել նրանց համոզել, թե գործող իշխանությունները չունեն բավարար չափով վարկանիշ ՏԻՄ ընտրություններում անհրաժեշտ հաղթանակն ապահովելու և փորձել է համոզել, թե հենց ինքն է դառնալու Երևանի քաղաքապետը։ 

Մեր աղբյուրը նշեց, որ ավագանու 5-6 անդամներից ընդամենը մեկն է խանդավառություն դրսևորել այս առաջարկի վերաբերյալ, այն էլ Վիկտոր Մնացականյանի նախկին կադրերից մեկն է եղել։ Մյուսները տեղեկությունն անմիջապես հասցրել են խմբակցության ղեկավարությանը, և կուսակցության ղեկավարությունը հստակ հասկացել է, որ Հրաչյա Սարգսյանն այլևս մտադիր չէ ենթարկվել իրենց և սեփական խաղն է խաղում։ 

Իսկ այն, որ սեփական խաղն է խաղում, պարզվել է մեկ այլ դրվագով ևս։ Հրաչյա Սարգսյանը վերջին գործակարգավարական նիստում շշպռեց տրոլեյբուսի պարկի տնօրենին՝ տրոլեյբուսների լվացման տենդերի հետ կապված։ Բանն այն է, որ տրոլեյբուսների սանիտարական մաքրման և լվացման աշխատանքների համար տենդեր է հայտարարվել, որի արժեքը կազմում է մոտավորապես 12 միլիոն դրամ։ Պարզվում է, որ Հրաչյա Սարգսյանին շատ մոտ կանգնած մի ընկերություն արդեն համապատասխան սարքավորումներ է տեղափոխում Հայաստան ՝ տենդերը շահելու բուռն մտադրությամբ։ Մինչդեռ Երևանի քաղաքապետարանը հաշվարկել է, որ քաղաքապետի պահանջած թիվը իրականում շատ ավելի մեծ է, և 12 միլիոն դրամը լիուլի բավարար է։ Քաղաքապետի վերջին հիստերիկ ելույթից հետո, մեր աղբյուրների փոխանցմամբ, Ազգային անվտանգության ծառայությունում ստուգումներ են սկսվել՝ պարզելու, արդյո՞ք Հրաչյա Սարգսյանն ինքը կոռուպցիոն գործարքներում խառնված չէ։ 

Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, որ նույնիսկ ժամանակավոր պաշտոնյայի համարում ունեցող և հենց այդ նպատակով նշանակված քաղաքապետը որոշել է պաշտոնը պահպանելու համար կռիվ տալ իրեն այդ պաշտոնին նշանակած խմբակցության դեմ։ Մեր՝ ավելի վաղ արած կանխատեսումները, որ մինչև ամառ տեղի կունենան Երևանի քաղաքապետի ընտրությունները, հաստատվում են, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը մտադիր է հենց առաջիկա օրերին ներկայացնել և ընդունել փաթեթը, որից հետո արդեն ավագանու ՏԻՄ ընտրություններ կազմակերպելու գործը տեխնիկայի հարց է։

Սարգիս Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular