Մշակույթը՝ սահմանին. «Շատերից մեկը» Նոյեմբերյանում էր
ՄՇԱԿՈՒՅԹԵրեկ Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում կայացավ «Շատերից մեկը» մոնոներկայացումը: Պիեսը հայ կնոջ ճակատագրի մասին է, կնոջ, ով ապրում է հասարակության մեջ՝ հասարակության բարքերով՝ հաճախ մոռացության տալով սեփական ցանկություններն ու նախասիրությունները:
«Իմ հերոսը, ճիշտ է, գրական է, բայց վերցված է իրական կյանքից: Իհարկե, այո, ցավալի է, բայց մեր իրականության մեջ իմ հերոսի նման կանայք շատ-շատ են: Բայց, ինչպես տեսաք, իմ հերոսուհին վերջում գնաց իր երազանքի ետևից: Ես շատ կուզենայի, որ իրական կյանքում էլ այդպես լիներ:
Առաջին անգամ էի Նոյեմբերյանում, շատ անկեղծ հանդիսատես էր, կոնտակտն ապահովում էր: Կուզենայի, որ դահլիճը, բեմն ավելի լավ վիճակում լինեին, հագեցած տեխնիկայով: Անկեղծ ասած՝ մի քիչ անհարմարություն էի զգում, որովհետև ներկայացման մեջ տեսարանները շատ էին տուժում լուսային և ձայնային էֆֆեկտների պատճառով:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել թե՛ հադիսատեսին, թե՛ տնօրինությանը, քանի որ այս պայմաններում Մշակույթի տուն պահելն իսկապես հերոսություն է: Ձեռքի տակ չունենալ ոչինչ, բայց փորձել մշակույթը զարգացնել, այն էլ սահմանամերձ գոտում, միայն հիացմունքի է արժանի: Անպայման էլի եմ գալու Նոյեմբերյան, հույս ունեմ՝ արդեն ավելի լավ պայմաններում ներկայացում ունենալու: Ինքս էլ, որպես մարդ, ում մայրն արմատներով Նոյեմբերյանից է, ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ մշակութային կյանքն այստեղ ակտիվ պահենք»-, 1or.am-ի հետ զրույցում նշում է տրագիկոմեդիայի մենակատարուհի Ագնեսա Շահնազարյանը:
Մոնոներկայացումը Նոյեմբերյան էր բերել HBB Production-ը, որի տնօրեն Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ հանդիսատեսը հավանեց ներկայացումը և հույզերը, որոնք դահլիճ էր փոխանցում Ագնեսան.
«Սա մեր փրոդաքշնի կողմից իրականացված մշակութային երկրորդ իրադարձությունն էր Նոյեմբերյանում: Հոկտեմբերին 17-ին Տոմա Պետրոսյանի «Տանը մնացի՞» մոնոներկայացման ցուցադրությունն էր մեզ վստահվել, և այն նույնպես արժանացավ հանդիսատեսի համակրանքին:
Մենք փորձում ենք համայնքում կազմակերպել մշակութային այն իրադարձությունները, որոնց կարիքն ամենից շատն է զգացվում, համայնքում տոմսային տնտեսության հիմք դնել: Եթե անկեղծ՝ մեր համայնքում մշակույթը ամենահետին պլան է մղված: Մարդկանց մի մասը չի գիտակցում, որ գումարը, որը վճարում են թատրոն կամ որևէ շոու դիտելու համար, ոչ թե հարստացնում է կազմակերպիչ կողմին, այլ դաստիարակում է իրենց, մտածել-մտորելու տեղիք է տալիս: Չգիտես ինչու շատերը սպասում են հրավիրատոմսերի, այնինչ, եթե ուզում են մշակույթը զարգացնել՝ պետք է սեփական ներդրումն ունենան այդ զարգացման գործընթացում:
Մշակութային միջոցառումների շրջանակներում HBB Production-ը ձեռք էր բերել գործընկերներ՝ ի թիվս մի շարք նոյեմբերյանյան բրենդների: Մեր նպատակներից է՝ հայտնի արտիստների հետ համագործակցության արդյունքում տեղական բրենդները ճանաչելի դարձնել համայնքի սահմաններից դուրս: Մենք չտեսնված Նոյեմբերյան ունենք, որի ամեն մի բնակավայր՝ հազար անգամ տեսնելու, այցելելու կարիք է զգում»,- նշում է Վահեն:
Հավելենք, որ «Շատերից մեկը» մոնոներկայացումը շատ է շրջագայել և հաճախ վերադարձել առաջին մրցանակներով: «Արտավազդ-2016» մրցանակաբաշխությանը Ագնեսա Շահնազարյանը ճանաչվել էր «Լավագույն կին դերակատար»՝ հենց այս ներկայացման մեջ մարմնավորած կերպարի համար: Պիեսի հեղինակը Նելլի Շահնազարյանն է, բեմադրիչը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:
Մարիամ Նալբանդյան