ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բիզնեսը բիզնես է»․ Ռուսաստանը նեղացել է Թուրքիայից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի հայտարարությունը լուրջ տարակուսանք և զարմանք հարուցեց հայ հանրության շրջանում։ Թուրքական «Այդինլիք» թերթի հետ զրույցում դեսպանը հայտարարել է, թե Ուկրաինային թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի մատակարարումը ցավագին է ընկալվում ռուսական հասարակության կողմից։

«Անկեղծ ասեմ, դուք չեք էլ պատկերացնում, թե որքան ցավագին են այդ մատակարարումներն ընկալվում ռուսական հասարակության կողմից, «բիզնեսը բիզնես է», բացատրությունները չեն ընկալվում, քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին, հենց այդ նպատակով են գնվում բայրաքթարները»,- ասել է Երխովը և հավելել, թե այդ մատակարարումներն ամենևին էլ դուր չեն գալիս Ռուսաստանին։

Նշենք, որ դեռևս ապրիլյան պատերազմից հետո, երբ հայ հասարակությունը անկեղծ և արդարացի հարց էր տալիս, թե ինչպես է ստացվում, որ իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին, նույնիսկ Հայաստանում որոշ քաղաքական շրջանակներ հայտարարում էին, թե դա ընդամենը բիզնես է, և Ռուսաստանն ինքն է որոշում՝ ում ի՞նչ վաճառի և որքան։ Իհարկե, տարակուսելի այդ հայտարարությունը որևէ կերպ չէր դատապարտվում ժամանակի իշխանությունների կողմից։ Որևէ թթու խոսք Ռուսաստանին այդպես էլ չեն հայտնել։ Իսկ այսօր Ռուսաստանն ինքն է ընդգծում, որ «բիզնեսը բիզնես է» սկզբունքը բնավ էլ բացատրելի չէ այս դեպքում։ Հատկապես այն պայմաններում, որ Թուրքիան և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ չեն, և Թուրքիան ինքն է որոշում, թե ում վաճառի իր զենքերը։

Ըստ էության, կրկին գործ ունենք երկակի ստանդարտների կիրառման հետ, երբ Հայաստանը ստիպված էր պայքարել Ադրբեջանի դեմ, որը զենք էր ստանում ոչ միայն Իսրայելից, Թուրքիայից, այլ նաև ՀԱՊԿ անդամ երկրներից՝ Բելառուսից և Ռուսաստանից և ռազմավարական դաշնակցի արտադրած զենքը օգտագործում էր հայ զինվորի և հայ շինականի դեմ։ Կարելի է անվերջ մեղադրել Ռուսաստանին, ինչպես անում են բազմաթիվ արևմտամետ կազմակերպություններ և իրավապաշտպաններ։ Մինչդեռ իրականությունն այն է, որ խնդիրը ոչ այնքան Ռուսաստանի, որքան Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների, նրանց անատամ և անողնաշար լինելու մեջ է, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչ ասել է ռազմավարական դաշնակից, ինչպես պետք է հարաբերվել նրա հետ, ներկայացնել պահանջները և կատարել այդ պահանջների իրագործումը։ Նախօրեին Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի ՀԱՊԿ-ի վերաբերյալ արտահայտությունը ևս այդ շարքից է. «Որևէ պետություն պարտավոր չէ հարգել քո երկրին, եթե դու ինքդ չես հարգում և չես ներկայացնում քո հստակ պահանջները, պայմանագրային պարտականությունների կատարումը»։ 

Հայկ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular