Ֆուտբոլի առաջնության մարտ ամսվա լավագույնները «Փյունիկ»-ից են
ՍՊՈՐՏՀայտնի են Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի մարտի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Փորձագետների և երկրպագուների քվեարկությամբ մարտի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Փյունիկի» հարձակվող Ուգո Ֆիրմինոն, ով անցկացրած 5 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։
Պորտուգալացին առաջ է անցել «Արարատ – Արմենիայի» նորեկ Ջոնաթան Դուարտեից եւ «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանից։
Ամսվա լավագույն մարզիչը Եղիշե Մելիքյանն է, ում գլխավորությամբ «Փյունիկը» մարտին անցկացրած 5 խաղից հաղթել է 4-ում եւ գրանցել 1 ոչ-ոքի։ Մելիքյանն այս մրցանակին արժանանում է 4-րդ ամիսն անընդմեջ։ Ամսվա լավագույնի համար պայքարում հայ մասնագետը շրջանցել է «Ալաշկերտի» եւ «Արարատ – Արմենիայի» մարզիչներ Արամ Ոսկանյանին եւ Դմիտրի Գունկոյին։
Լավագույնները որոշվել են երկրպագուների եւ փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 եւ 2/3 համամասնությամբ: Լավագույն մարզչի եւ ֆուտբոլիստի մրցանակները կհանձնվեն Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: