Միջազգային կառույցները սկսել են հիշել Փաշինյանի հակաժողովրդավար էությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄիջազգային կառույցները միայն այժմ են հիշել, որ զրպարտության և վիրավորանքի քրեականացումը լրջագույն խնդիր կարող է առաջացնել Հայաստանում։ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հայտարարել է, թե զրպարտության կամ վիրավորանքի քրեականացումը կարող է լուրջ, «սառեցնող» ազդեցություն ունենալ ազատ արտահայտման իրավունքի վրա։ Նա վկայակոչել է Եվրոպայի խորհրդի նախադեպային իրավուքը, նշել, թե Հայաստանը եվրախորհրդի անդամ-պետություն է։ Ըստ դեսպանի՝ ազատ արտահայտման իրավունքը խոչընդոտող օրենքը պետք է շատ կոնկրետ և հստակ սահմանափակում պարունակի, որպեսզի իրավաբանորեն կանխատեսելի և հստակ լինի։
-Ամենակարևոր հարցն այն է, թե արդյո՞ք այդ օրենքը կկիրառվի ժողովրդավարական և ոչ կամայական սկզբունքով, օբյեկտիվ չափանիշների հիման վրա և արդյո՞ք այն կլինի անկախ դատական վերահսկողության տիրույթում, որտեղ դատավորները կդիտարկեն սանկցիայի համաչափությունը,- ասել է Անդրեա Վիկտորինը։
Այն, որ այդ օրենքը բացարձակապես դարձել է իշխանության կամարտահայտության, սեփական ցանկությունները առաջ մղելու, ընդդիմախոսներին պատժելու գործիք, արձանագրում է նույնիսկ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Ցանկացած իրավիճակում այս իշխանությունը նույնիսկ չի էլ թաքցնում, որ իր հիմնական խնդիրը իր ընդդիմախոսների, անկախ դատավորների, քաղաքացիական ակտիվիստների և իշխանությանը պարզապես հայհոյող շարքային հայաստանցու իրավունքների ոտնահարումն է։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն, օրինակ երեկ, Ազգային ժողովում պատասխանելով Հայկ Մամիջանյանին, հայտարարում էր, թե Վենետիկի հանձնաժողով ուղարկած իրենց օրենքի միակ նպատակը դատական համակարգը որոշ դատավորներից մաքրելն է։ Ըստ էության, այդ դատավորների անվան տակ նա նկատի ուներ բոլոր այն անձանց, ովքեր դիմադրում են Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, արդարադատության նախարարը նշում էր քաղբանտարկյալներ դատող դատավորների մասին, սակայն դժվար թե այն տարածվի հայտնի Մնացական Մարտիրոսյանի վրա, որը 2018 թվականի իշխանափոխությունից հետո դարձել է փաշինյանական իշխանության առանցքային դատավորներից մեկը և դակում է առանց հստակ քննելու որևէ գործ։ Այդուհանդերձ հարկ է նշել, որ գործող իշխանությունները որևէ կերպ մտադիր չեն սահմանափակել վիրավորանքի քրեականացման օրինագիծը։ Եվ այն փորձելու են օգտագործել բացառապես սեփական կարիքների համար՝ վտանգելով Հայաստանում ժողովրդավարական զարգացումները, նույնիսկ, եթե աշխարհի բոլոր իրավապաշտպան կառույցները, եվրոպական կառույցները և այլ կազմակերպություններ քննադատեն իրենց նման վարքի համար։
Մանվել Սարիբեկյան