Կրեմլը մտադիր չէ Կիևի հետ բանակցությունների ժամանակ դադարեցնել կրակը. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաշտոնական Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման վերսկսումը չի քննարկվում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Մոսկվայի մերժումը բացատրելով ուկրաինական զորքի գործողություններով, որոնք օգտագործում են այդ դադարները՝ վերախմբավորվելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկացած դադար օգտագործվում է ազգայնական ստորաբաժանումների կողմից վերախմբավորումների համար, որոնք օգտագործվում են ռուս զինվորականների վրա հարձակումները շարունակելու համար»,- ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ «դա տեղի է ունեցել մեկից ավելի անգամ, և հետևաբար սա, իհարկե, բարդացնում է գործընթացը»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: