Կարող են լինել մուտացիաներ, որոնք կնպաստեն, որ վիրուսն ավելի արագ սկսի տարածվել. Հովակիմ Զաքարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու բացասական դինամիկա է նկատվում: Օրական հաստատված դեպքերն ավելի քիչ են, քան նույն օրում առողջացածները:
1or.am-ը թեմայի շուրջ զրուցել է Բժշկական կենսաբանության ամբիոնի ասիստենտ, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ, ով պնդում է, որ այս դրական փոփոխությունը դեռևս ոչինչ չի նշանակում, քանի որ վիրուսն անկանխատեսելի է.
«Եթե բնակչության մեծամասնությունը մնում է չպատվաստված, մարդիկ վերադառնում են իրենց նորմալ կենսագործունեությանը՝ չպահպանելով հակահամաճարակային նորմերը, թվաքանակի աճ անպայման լինելու է: Տարվա ընթացքում որոշակի ժամանակահատվածում նոր դեպքերի թիվը կարող է նվազել, հետո՝ կտրուկ ավելանալ: Վիրուսի շրջանառությունը կախված է մի քանի գործոններից, այդ թվում՝ մարդկանց վարքից: Հետևաբար, նման փոփոխությունները անընդհատ լինելու են այնքան ժամանակ, մինչև բնակչության մեծամասնությունը պատվաստված լինի: Բայց նույնիսկ այդ դեպքում վարակի նոր դեպքերը չեն բացառվելու, էլի լինելու են, ուղղակի հոսպիտալացման դեպքերը, ծանր դեպքերը, մահվան ելքերը շատ ավելի քիչ կլինեն, որովհետև, երբ պատվաստված մարդը վարակվում է, իր մոտ ընթացքը շատ ավելի թեթև է անցնում»:
Վիրուսաբանի խոսքով՝ վիրուսի ընթացքը կապված է բազմաթիվ գործոնների հետ, ուստի չենք կարող ասել՝ հաջորդ բռնկումը կոնկրետ երբ կլինի.
«Նոր շտամներ, բնականաբար, կարող են լինել, քանի որ որքան վիրուսը մնում է մարդու օրգանիզմում, շրջանառվում է, մուտացիաներն անընդհատ տեղի են ունենում: Կարող են լինել մուտացիաներ, որոնք ավելի կթուլացնեն վիրուսը կամ, հակառակը, կնպաստեն, որ վիրուսն ավելի արագ սկսի տարածվել, ինչպես դա եղավ օմիկրոնի դեպքում: Սա բնական երևույթ է, որից, ցավոք, խուսափել չի լինի»:
Վիրուսի նոր շտամների ի հայտ գալու դեպքում պատվաստումների արդյունավետության առումով վիրուսաբանը նշեց.
«Խթանիչ պատվաստումները պետք են, դա ժամանակի ընթացքում հստակեցվել է և խրախուսվում է, որ հիմնական պատվաստումից վեց ամիս անց մարդն ստանա խթանիչ երրորդ պատվաստումը, որպեսզի իմունային համակարգը պատրաստ լինի վիրուսի նոր տարբերակներին»:
Մարիամ Նալբանդյան