ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսները դեմ չեն հայ-թուրքական մերձեցմանը․ Հայաստանին չեն էլ հարցնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները վերաբերել են ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմին և երկու երկրների դիրքորոշումներին այդ հարցում, այլ արտգործնախարարները նաև քննարկել են Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Հայաստանի հետ որոշակի գործընթաց է ընթանում։ Երկու երկրների հատուկ ներկայացուցիչները իրենց առաջին շփումներն են անց կացրել Մոսկվայում Ռուսաստանի ստեղծած պայմանների շնորհիվ։

«Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակներում ևս շատ լավ շփումներ են տեղի ունեցել, և երկխոսություն է հաստատվել»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, թե Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կուրսը։

«Մենք ողջունում ենք երկու հարևան երկրների միջև այս երկկողմ կապերի կարգավորման կուրսը»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է բոլոր մակարդակներով նպաստել Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ Թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու բանագնացների նախկին հանդիպումների, թե՛ Անթալիայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ցուցաբերած անատամ և անողնաշար պահվածքից հետո, կարելի է հստակ ասել, որ Հայաստանի վերաբերյալ որոշումները այլևս ընդունվում են ռուս-թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, և նրանցից որևէ մեկը ո՛չ հաշվետու է և ո՛չ էլ մտադիր է Հայաստանին տեղեկացնել, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարողացավ հասնել նրան, որ մենք բավականին լուրջ և մարտունակ գործոնից վերածվեցինք օբյեկտի, մանրադրամի, որի հետ վարվում են ինչպես ցանկանում են։ Փոխարենը թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը սեփական հարցերն են լուծում Հայաստանի հաշվին, ամենևին չմտահոգվելով, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել Հայաստանում և ինչպիսի տրամադրվածություններ ունի հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ իր քվեն տալով ապիկար և դավաճանական իշխանություններին։ Եվ այսուհետ կարող է զրկվել միջազգային ասպարեզում սեփական ձայնն ունենալու իրավունքից։ Իսկ նախօրեին Արարատ Միրզոյանի տված հարցազրույցը, որտեղ նա պնդում է, թե Հայաստանի բնակչության մեծ մասը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, վկայում է մեր ասածի իսկությունը։ Հայաստանին հարկավոր է լուրջ և ազգանվեր նոր իշխանություն, որպեսզի կարողանա դիմագրավել հնարավոր ճնշումներին։ Այլապես այդ ճնշումներն ավելի են սաստկանալու և գոյութենական մարտահրավեր են դառնալու Հայաստանի և հայ ժողովրդի համար։ 

Յուրա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular