Հայտնի է դարձել Ռուսաստանի և Ուկրաինայի` 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը. FT
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանն ու Ուկրաինան բանակցությունների ընթացքում մշակել են 15 կետից բաղկացած ծրագիր, որը ներառում է զինադադար և զորքերի դուրսբերում` Կիևի չեզոքության և Ուկրաինայի զինված ուժերի կրճատման պայմանով։ Այս մասին հայտնի է դարձել Financial Times-ի (FT) նյութից՝ հղում անելով բանակցային գործընթացի մասնակիցներին։
Հրատարակության համաձայն՝ Մոսկվան և Կիևը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության հասնելուն ուղղված այս պլանի մշակման հարցում։ Նշվում է, որ դա ներառում է ուկրաինական կողմի հրաժարումը ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերից և խոստում` պաշտպանության դիմաց իր տարածքում չտեղակայել օտարերկրյա ռազմակայաններ և զենք՝ ԱՄՆ-ից, Բրիտանիայից և այլ դաշնակիցներից։
Միևնույն ժամանակ FT-ն գրում է, որ Կիևը թերահավատորեն է վերաբերվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` խաղաղության հաստատման և ճգնաժամի կարգավորման հանձնառությանը։ Ըստ թերթի՝ Ուկրաինայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Մոսկվան փորձում է ժամանակ շահել բանակը վերախմբավորելու և հարձակումը շարունակելու համար։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ Կիևն առաջարկում է անվտանգության երաշխիքների ուկրաինական մոդել, որը ենթադրում է, որ մի շարք երկրներ կպաշտպանեն ուկրաինական կողմը, եթե մյուս կողմը ոտնահարի նրա տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ ցանկացած գործարքի շրջանակներում Ուկրաինան կպահի իր բանակը։