Ուկրաինայում հայտնել են ՌԴ ԶՈՒ 488-րդ մոտոհրաձգային գնդի «ոչնչացման» մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերը ամբողջությամբ «ոչնչացրել են» ՌԴ ԶՈՒ Բրյանսկի շրջանից մոտոհրաձգային գունդը։ Այս մասին մարտի 12-ին Facebook-ում հայտնել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի օպերատիվ շտաբի խոսնակ Սերգեյ Բրատչուկը։
«12721 զորամասի 488-րդ գունդն (Կլինցի, Բրյանսկի շրջան) ամբողջությամբ ոչնչացվել է, փառք Ուկրաինայի զինված ուժերին»,- ասել է նա։
Ինչպես գրում է korrespondent.net-ը, խոսքը 488-րդ մոտոհրաձգային գնդի մասին է, որը տեղակայված է Կլինցի քաղաքում։ Գունդը ներառված է Ռուսաստանի Դաշնության 20-րդ գվարդիական համակցված բանակի 144-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի կազմում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: