ՌԴ-ն երկրում գաղտնի մոբիլիզացիա է անցկացնում. Ուկրաինայի ՊՆ հետախուզություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի իշխանությունները որոշել են համալրել Ուկրաինայում կռվող իրենց բանակի ռեզերվները երկրի բնակիչների, ինչպես նաև Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների և Ղրիմի բնակիչների հաշվին։ Գաղտնի մոբիլիզացիա է ընթանում:
Այս մասին Ukrinform-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ Կիրիլո Բուդանովը։
«Հարձակումը կանգ է առել, փաստորեն, գրոհը շարունակելու համար բավարար ռեսուրսներ և ուժեր չկան, հիմա նոր ստորաբաժանումների մատակարարում կա՝ Ռուսաստանի ամբողջ տարածքից, իրականացվում է այսպես կոչված քողարկված մոբիլիզացիա»,- ասել է Բուդանովը։
Բացի այդ, նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը նոր ստորաբաժանումներ է դուրս բերում Արևելյան և Կենտրոնական ռազմական շրջաններից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն: