ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանությունը՝ երկընտրանքի առջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ հասել է թուրքական Անթալիա քաղաք, որտեղ մասնակցելու է դիվանագիտական ֆորումին։ Առաջին իսկ օրը Արարատ Միրզոյանը ստիպված է եղել դեմ առ դեմ նստել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ-ն է կարճ տեղեկություն և տեսանյութ տարածել։

«Շատ ուրախ եմ, որ մենք կկարողանանք մտքեր փոխանակել մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ, առավել ևս Հայաստանի վարչապետի ապրիլի սկզբին ՌԴ կատարելիք այցի նախապատրաստման շրջանակներում, վստահ եմ, որ այն կծառայի մեր դաշնակցային հարաբերություների հետագա առաջխաղացմանը»,- բազմանշանակ ասել է Լավրովը։

Արարատ Միրզոյանը արձագանքել է. «Մենք վաղուց չենք տեսել միմյանց, շատ բան է կուտակվել, մենք պետք է անցնենք երկկողմ օրակարգի հարցերով, կան նոր խնդիրներ, որոնք ի հայտ են եկել, պետք է քննարկել, խորհրդակցել, եթե դեմ չեք»,- նշել է Արարատ Միրզոյանը, իսկ նոր խնդիրներ իսկապես առաջացել են։

Ռուս-ուկրաինական պատերազմում հայկական կողմի կրավորական դիրքորոշման, Ռուսաստանին վերաբերող հարցերում ձեռնպահ քվեարկելու հանգամանքը լրջորեն մտահոգել է Ռուսաստանի իշխանություններին, օրեր առաջ Լավրովն անձամբ էր զանգահարել Արարատ Միրզոյանին և մեր աղբյուրների փոխանցմամբ, բավականին խիստ տոնով դիտողություն արել, իսկ այժմ էլ արդեն դեմ առ դեմ հանդիպել է Արարատ Միրզոյանին։

Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արարատ Միրզոյանը բնավ մտադրություն չի ունեցել հանդիպել Լավրովին, հույս ունենալով, որ Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո Լավրովը կհեռանա Անթալիայից։ Ռուսաստանի արտգործնախարարը մինչդեռ սպասել է Արարատ Միրզոյանին և դեմ առ դեմ արդեն փակ դռների ետևում ասել այն, ինչ մտածում է։

Ըստ էության, Հայաստանի արտգործնախարարությունն ու փաշինյանական իշխանությունները կանգնած են լրջագույն դիլամայի առջև, ի՞նչ անել, որպեսզի կարողանան շահել թե՛ իրենց արևմտյան պարտնյորների, թե՛ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի սիրտը և երկու դեպքում էլ հարված չստանալ, ինչը նշենք՝ բավականին լուրջ երկընտրանք է և խնդիր թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ Հայաստանի համար։

Ռուսաստանը իսկապես քանի դեռ զբաղված է Ուկրաինայով, առայժմ չի անդրադառնա Հայաստանի իշխանությունների վարքին, սակայն իրադարձությունների ցանկացած ելքի պարագայում ստիպված է լինելու հիշեցնել իր գործընկերներին պատերազմի ժամանակ դրսևորած կեցվածքի մասին։ Բոլոր պարագաներում Հայաստանի գործող իշխանությունները լուրջ խնդիրների են բախվելու թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, և ուկրաինական ճգնաժամը կարող է սրբել և տանել ոչ միայն հակամարտության կողմերից որևէ մեկին, այլ նաև Հայաստանի քաղաքական դաշտը։

Նարեկ Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular