ՌԴ-ն երբեք պատերազմ չի ցանկացել և այժմ ձգտում է վերջ դնել հակամարտությանը. մենք չենք նախատեսում հարձակվել այլ երկրների վրա. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը երբեք պատերազմ չի ցանկացել և այժմ ձգտում է վերջ դնել հակամարտությանը, հինգշաբթի ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուկրաինացի և թուրք գործընկերներ Դմիտրի Կուլեբայի և Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան ագրեսիվ պլաններ չունի այլ երկրների նկատմամբ. «Մենք չենք նախատեսում հարձակվել այլ երկրների վրա, մենք չենք հարձակվել նաև Ուկրաինայի վրա»:
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարի պնդմամբ, Մոսկվան տեղեկություններ ունի, որ Կիևը ծրագրել էր մարտին հարձակում սկսել Դոնբասում։
Լավրովն իր խոսքում ընդգծել է, որ չի հավատում միջուկային պատերազմի հնարավորությանը:
«Ես չեմ ուզում հավատալ դրան և չեմ հավատում: Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ միջուկային թեման դաշտ է նետվել բացառապես արևմտյան ներկայացուցիչների, առաջին հերթին ՆԱՏՕ-ի կողմից»,-ասել է Լավրովը:
Ըստ նրա՝ Մոսկվան զգուշանում է այն փաստից, որ Արևմուտքը հաճախ է հիշում հակամարտության նման սրման հավանականությունը. «Իհարկե, տագնապալի է, երբ Արևմուտքը «ըստ Ֆրոյդի» շարունակ վերադառնում և վերադառնում է նույն թեմային»:
Անդրադառնալով պատժամիջոցների թեմային՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան կլուծի Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները, որպեսզի այլևս երբեք կախված չլինի Արևմուտքից:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: