ՌԴ հատուկ գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայում գործող իշխանությունը ու ոչնչացնել պետականությունը. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայի ներկայիս իշխանությունը կամ ոչնչացնել երկրի պետականությունը, այն ուղղված է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պաշտպանությանը, Ուկրաինայի ապառազմականացմանն ու ապաազգայնացմանը, ինչպես նաև Ռուսաստանին սպառնացող ռազմական սպառնալիքի վերացմանը։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հատուկ ռազմական գործողության նպատակներն են ԴԺՅ-ի և ԼԺՀ-ի պաշտպանությունը, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնացումը, Ռուսաստանին սպառնացող ռազմական սպառնալիքի վերացումը, որը գալիս է Ուկրաինայի տարածքից... Գործողության խնդիրները չեն ներառում ո՛չ Ուկրաինայի օկուպացիան, ո՛չ նրա պետականության ոչնչացումը, ո՛չ ներկայիս իշխանության տապալումը։ Այն ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ»,- ասել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։