Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը չեն ներգրավվի ո՛չ ժամկետային զինծառայողները, ո՛չ պահեստազորը. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ո՛չ ժամկետային զինծառայողները, ո՛չ պահեստազորը ներկայում ներգրավված չեն և չեն ներգրավվի Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ ընդգծել, որ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորները չեն մասնակցում և չեն մասնակցելու մարտական գործողություններին, իսկ պահեստազորի լրացուցիչ զորակոչ չի լինի։ Հանձնարարված խնդիրները լուծում են միայն պրոֆեսիոնալ զինվորականները»,-ասել է ՌԴ ղեկավարը մարտի 8-ի կապակցությամբ կանանց ուղղված իր տեսաուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ «նրանք հուսալիորեն կապահովեն Ռուսաստանի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը»։
Պուտինը դիմել է ռուս այն զինվորների և սպաների մայրերին, կանանց, քույրերին, հարսնացուներին և ընկերուհիներին, «որոնք այժմ մարտում են՝ պաշտպանելով Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության ժամանակ»։
«Ես հասկանում եմ, թե ինչպես եք անհանգստանում ձեր սիրելիների համար, դուք կարող եք հպարտանալ նրանցով, ինչպես որ ամբողջ երկիրը ձեզ հետ միասին հպարտանում և անհանգստանում է նրանց համար», - ընդգծել է երկրի ղեկավարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։