Ուկրաինայում հայտնել են, որ գիշերը Խարկովը ենթարկվել է զանգվածային ռմբակոծության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ գիշեր Խարկովը ենթարկվել է հերթական զանգվածային ռմբակոծության։ Պայթյունների մասին են հայտնել են քաղաքի գրեթե բոլոր հատվածներից, տեղեկացնում է Kharkiv LIVE թելեգրամյան ալիքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյուններ են տեղի ունեցել Սալտովկայի, Խոլոդնայա Գորայի, Բավարիայի, Լյուբոտինի, Ժուկովսկի գյուղի, Կորոտիչի, Նովիե Դոմայի շրջանում։
Ուկրաինայի զինված ուժերի օպերատիվ թելեգրամյան ալիքը նշել է, որ Խարկովը շարունակում է պահել պաշտպանությունը՝ չնայած «բնակելի թաղամասերի դաժան գնդակոծմանը»։ Աղբյուրը մանրամասնել է, որ հակառակորդի արկերը խոցել են 3 տուն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։