ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյանը հեռանում է «ներկաների» մեղքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը որոշում է կայացրել ավարտել կարիերան Ազգային հավաքականում։
 
«95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում, աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո, որոշում եմ կայացրել, ավարտել Հայաստանի Ազգային հավաքականի կազմում մրցելույթներս»,- գրել է Մխիթարյանը և նշել, որ այս եզրահանգմանը եկել է նոյեմբերին Գերմանիայի հետ կայացած իր վերջին խաղից հետո։ Ըստ Մխիթարյանի՝ առաջիկա տարիներին նա իր ուշադրությունը կկենտրոնացնի ակումբային մրցելույթների վրա։ Ընդամենը 33 տարեկան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է համարվում ոչ միայն անկախության 30 տարիների ընթացքում, այլ նաև դրանից առաջ ընկած ժամանակահատվածում։ Հենրիխ Մխիթարյանը միլիոնավոր երկրպագուների կուռքն էր և բազմաթիվ հաղթանակների է առաջնորդել Հայաստանի հավաքականում։
 
2018 թ.-ից հետո մարզիկների, մտավորականների ինչպես նաև հանրության մեջ մեծ հեղինակություն վայելող մարդկանց մի մասը թիրախավորվեց գործող իշխանությունների կողմից, նրանց մեղադրեցին նախկինների հետ ջերմ հարաբերություններ ունենալու մեջ։ Տակավին ամիսներ առաջ Հայաստանից հեռացավ և այժմ Միացյալ Նահանգների դրոշի ներքո է հանդես գալիս շախմատիստ Լևոն Արոնյանը։ Այժմ էլ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվում է շարունակել մրցելույթները Ազգային հավաքականում։ Փաստենք, որ Հենրիխ Մխիթարյանի հրաժեշտի տեքստը չափազանց կոռեկտ էր, առանց ավելորդ զգացմունքայնության և առանց մեղադրանքների թիմակիցների, ֆուտբոլի ֆեդերացիայի, կամ էլ գործող իշխանությունների հասցեին։
 
Այդուհանդերձ 33 տարին մեծ բան չէ կիսապաշտպանի համար և նա հաջողությամբ կարող էր ևս 2-3 տարի հանդես գալ Ազգային հավաքականում։ Մինչդեռ, նույնիսկ, ֆուտբոլային մասնագետներն են նշում, որ Հենրիխ Մխիթարյանը տևական ժամանակ հայտնվել էր ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության թիրախում։ Նրան մեղադրում էին ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ։ Մխիթարյանի մայրը իշխանափոխությունից հետո բազմիցս է հայտնել ֆեդերացիայում տեղի ունեցող ապօրինությունների մասին և դեմ էր քվեարկել նաև ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը։
 
Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին պարզապես դուրս են մղում Ազգային հավաքականից՝ չունենալով նրան համարժեք փոխարինող։ Ընդ որում այս դեպքում էլ, ինչպես նաև այլ անվանի անձանց դեպքում, գործի են դրվում ոչ թե բուն ճնշումները և սպառնալիքները, այլ հոգեբանական տեռորը, երբ մարդու համար անտանելի պայմաններ ստեղծելով, ստիպում են լքել իր սիրելի հավաքականը։
 
Հայկ Գաբրիելյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular