Տվեք զենք ու հանդերձանք՝ կորցրած տարածքները հետ վերցնելու համար. ՇԱԳԱՄ-ի հայտարարությունը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀաղթանակ զբոսայգում հունիսի 4-ին տեղի է ունեցել «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) կոչով կամավորագրվածների ներկայացուցչական հավաք:
Այս առնչությամբ, ՇԱԳԱՄ-ի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.
«Հավաքի ընթացքում ներկաները քննարկեցին կամավորների պատրաստման եւ այդ նպատակով պետական մարմինների հետ համագործակցության խնդիրներն ու դրանց հավանական լուծումները:
Հավաքի մասնակից կամավորները ՇԱԳԱՄ-ին լիազորեցին հավաքի անունից հանդես գալ համապատասխան հայտարարությամբ եւ անհրաժեշտության դեպքում դիմել պետական մարմիններին:
Ի կատարումն այդ լիազորությամբ տրված հանձնարարության, ՇԱԳԱՄ-ը՝
1. հայտարարում է, որ կամավորները եւս մեկ անգամ հաստատում են Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման պատասխանատվությունն ստանձնելու իրենց պատրաստակամությունը, ինչպես նաեւ շարունակելու են ջանքեր գործադրել լայնամասշտաբ հակահարվածի միջոցով հակառակորդին ծնկի բերելու նպատակով հասարակական մոբիլիզացիայի ուղղությամբ,
2. դիմում է Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնն զբաղեցնող Սերժ Սարգսյանին՝ հիշեցնելով ս.թ. մայիսի 17-ին նրա հրապարակային ու պաշտոնական հայտարարությունը, թե ովքեր ուզում են, թող գնան վերցնեն այդ կորցրած տարածքները եւ, ի պատասխան այդ մարտահրավերի, նրանից պահանջում է պայմաններ ստեղծել կամավորների պատրաստման համար, այդ թվում՝ տրամադրել անհրաժեշտ հանդերձանք, զենք եւ զինամթերք»: