ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմում են․ ի՞նչ է սպասվում Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսօր վաղ առավոտյան ռուսական զինված ստորաբաժանումները ներխուժել են Ուկրաինա և սկսել Ուկրաինան «ապառազմականացնելու» հատուկ գործողությունը։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, պայթյուններ և կրակոցներ են հնչում Կիևում, Ուկրաինայի այլ քաղաքներում։ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ մեկ ուղղությամբ էլ իրենց տարածք են ներխուժել բելառուսական ստորաբաժանումները։ Փաստացի, բանակցային գործընթացը ձախողվեց, իսկ արևմտյան պետությունները միայնակ են թողել Ուկրաինային և բավարարվում են բացառապես մտահոգվելու մասին հայտարարություններով։ Մինչ հայ հանրությունը բաժանվել է ուկրաինամետների և ռուսամետների, հարկավոր է հասկանալ, թե ինչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության համար։
 
Արցախյան 44-օրյա պատերազմում Ուկրաինայի համակրանքը մեր թշնամիների կողմն էր։ Տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները խնդիրներ են ունեցել Ուկրաինայի հետ, որը հաճախ է զենք ու սպառազինություն վաճառել Ադրբեջանին։ Այդուհանդերձ, հայ հանրության մի փոքր մասը անկեղծորեն ցավում է Ուկրաինայի համար։ Մինչդեռ Ուկրաինան հայտնվել է այս վիճակում իր պոպուլիստ ղեկավարության անհավասարակշիռ և անտրամաբանական գործողությունների հետևանքով։
 
ՀԱՊԿ-ում Հայաստանի երկու գործընկերներն այս պահին պատերազմի մեջ են, ՀՀ ԱԳՆ-ն երեկ դեռ հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման հարց չկա։ Գրեթե անմիջապես արձագանքեց պաշտոնական Կիևը. Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը կեսօրին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ երախտապարտ են Երևանին նման դիրքորոշման համար։ Հայտնի չէ, թե որքան կձգվի Հայաստանի հայտնած չեզոքությունը՝ հաշվի առնելով մեր երկրի խորացող կախվածությունը Ռուսաստանից։ Հատկապես, երբ ՌԴ իշխանական շրջանակներից հստակ հայտարարություններ են հնչում, որ չեզոքությունը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։
 
Այսօր առավոտյան արդեն հաղորդվեց, թե Մոսկվա է մեկնում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հանդիպելու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Անտարակույս, ռուս-ուկրաինական պատերազմը կարող է լուրջ խնդիրներ հարուցել նաև Հարավային Կովկասում, շատ վերլուծաբաններ կարծիք են հայտնում, թե Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից և նոր սադրանքներ կամ, ընդհուպ, ռազմական ագրեսիա հրահրել Հայաստանի Հանրապետության դեմ։ ՀՀ գործող իշխանությունները պարտավոր են մարտական պատրաստության վիճակի բերել զինված ուժերը և պատրաստ լինեն հնարավոր սադրանքների։
 
Վարդան Մանուկյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular