ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեփական դավաճանությունը քողարկել նախկիններին կեղծ անվանարկելով․ փաշինյանական տակտիկա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հրաժարվել է ընդունել Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությունը, որը ներկայացրել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։ Ինչպես ցանկացած հարցում, այս դեպքում էլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հիշեց նախկիններին, փորձեց կեղծել պատմությունը, սակայն ապարդյուն։ Հանձնաժողովի նիստում առաջին ջութակի դերն այս անգամ վերապահված էր իշխանության սրտի մեկ այլ օլիգարխի՝ Գուրգեն Արսենյանին։ Նախկինների իշխանության կարկառուն այս ներկայացուցիչն այժմ էլ կրծքով և այլ մարմնամասերով է պաշտպանում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի ցանկացած դավաճանություն։ Արսենյանը հայտարարեց, թե նախկիններն էլ, օրինակ, չեն դատապարտել 2010 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության և փոխգործակցության մասին համաձայնագիրը։ Իշխող ուժը համառորեն և միտումնավոր նույն հարթության մեջ է դնում այս երկու փաստաթղթերը, մինչդեռ պատմությունը անգութ է զեղծարարների հանդեպ։

Ի տարբերություն 2010 թվականի համաձայնագրի, որտեղ մեր թշնամի երկու երկրները պայմանավորվում են համագործակցել և համաձայնեցնել իրենց քաղաքական գծերը, «Շուշիի հռչակագրի» բովանդակության մի զգալի մասը նվիրված է Հայաստանին, կան մի քանի կարևոր կետեր, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանի Հանրապետության ազգային շահին: Խոսքը, մասնավորապես, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է. «Ադրբեջանն ու Թուրքիան միավորող Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև միջանցքի (Զանգեզուրի միջանցք) բացումն ու որպես այդ միջանցքի շարունակություն Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցումը կարևոր նպաստ են ունենալու երկու երկրների միջև տրանսպորտային-կոմունիկացիոն կապերի ակտիվացման գործում»,- նշված է հռչակագրում:

Անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանության հարցին. «Թուրքիայի դեմ Հայաստանի անհիմն պահանջները, պատմության խեղաթյուրումը և փաստերի խեղաթյուրմամբ պատմությունը քաղաքականացնելու փորձերը վնասում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը, վճռականորեն աջակցում են այս համատեքստում 1915 թ․ դեպքերի հետ կապված սեփական արխիվները բացող Թուրքիայի ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում և այլ երկրներում գտնվող արխիվների բացմանն ու այդ թեմայով պատմաբանների կողմից քննությունների իրականացմանը»։

Ըստ էության, «Շուշիի հռչակագիրը» շատ ավելի խնդրահարույց է հայկական կողմի համար: Ուստի տրամաբանական և ողջամիտ կլիներ, եթե ՀՀ ԱԺ հանձնաժողովը բավարար կամք և գիտակցություն ունենար՝ ընդունելու այն դատապարտող հայտարարությունը։ Ի դեպ, տակավին շաբաթներ առաջ ընդդիմադիր մի պատգամավոր հայտնվել էր իշխանության և իշխանական քարոզչամեքենայի թիրախում՝ ԵԽԽՎ նիստում դեմ քվեարկելով Հայաստանի մասին զեկույցին։ Դեմ էին քվեարկել նաև ադրբեջանցի և թուրք պատվիրակները։ Մարդիկ, որոնք կոկորդ էին պատռում Հայկ Մամիջանյանին դավաճանի պիտակ տալու հարցում, երեկվանից անհետացել են, որևէ կերպ չեն արձանագրում, որ Հայաստանի գործող վարչախումբը իրավաչափ է համարում հակահայկական «Շուշիի հռչակագիրը»։

Դավիթ Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular