ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը այլ հոգսեր ունի, նրան քիչ է հետաքրքրում Զանգեզուրի միջանցքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

svpressa.ru-ն գրում է, որ Հայաստանը գտնվում է ռուսական ռազմական հովանու ներքո. նա ՀԱՊԿ անդամ է, և այնտեղ տեղակայված են ռուսական զորքեր։ Ադրբեջանը գտնվում է թուրքական պաշտպանիչ հովանոցի տակ. Շուշայի հռչակագիրն ապահովում է այդ երկրի անվտանգությունը։ Դա ստեղծում է հավասարություն և, միևնույն ժամանակ առկա է  Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտության վտանգ։

Բաքուն փորձում է կապիտալիզացնել 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը, և քանի որ չի կարող վերադարձնել Լեռնային Ղարաբաղը (այնտեղ տեղակայված են Ռուսաստանի զորքերը), նա կենտրոնացել է Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով դեպի ադրբեջանական էքսկլավ միջանցք (Զանգեզուրի միջանցք) պահանջելու վրա։

Ադրբեջանն ասում է. «Կա՛մ այդ միջանցքը արտատարածքային է լինելու (և ռուսական զորքերի դե ֆակտո վերահսկողություն տակ, որին համաձայն է Ռուսաստանը), կա՛մ հայկական մաքսակետերով, բայց այդ դեպքում Լաչինի միջանցքում էլ կլինեն ադրբեջանական մաքսակետեր»։

Այսինքն, ըստ Բաքվի, Լաչինի միջանցքի կարգավիճակը հավասարազոր է Զանգեզուրի միջանցքի կարգավիճակին։ Ընդհանուր առմամբ, այդ մոտեցումը ձեռնտու է Ռուսաստանին։ Ի վերջո, վերահսկողություն ձեռք բերելով Զանգեզուրի միջանցքի վրա, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի, Մոսկվան ստանում է տարածաշրջանում ազդեցության լրացուցիչ ուժեղ գործիք։ Սակայն այդ մոտեցումը հարիր չէ Երևանին։ Եթե ​​Հայաստանի հարավային տարածքով անցնի Ադրբեջանի երկու հատվածները կապող երթուղի, որը չի վերահսկվի իր կողմից, ապա դա ստեղծում է այդ տարածաշրջանի օտարման վտանգ։ Ավելին, այդ իրավիճակում Հայաստանը կարող է կտրվել իր դաշնակից Իրանից։ Մյուս կողմից, եթե հայկական վերահսկողությունը մնա Զանգեզուրի միջանցքի վրա, բայց ադրբեջանցիները վերահսկողություն ստանան Լաչինի միջանցքի վրա, ապա Ադրբեջանը կկարողանա խզել կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Այդ ամենը աղետալի հետևանքներ կունենա Լեռնային Ղարաբաղի համար։ Բացի այդ, 44-օրյա պատերազմում կրած պարտության պատճառով սուր քննադատության է ենթարկվում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, և նման իրավիճակում նրա նոր զիջումները Ադրբեջանին կարող են հանգեցնել իշխանության կորստի։ Ուստի Հայաստանի իշխանությունը համառում է։ Եվ առայժմ Լաչինի միջանցքը, ինչպես և Սյունիքը մնում է հայկական վերահսկողության տակ։ Տեսնելով այդ իրավիճակը` Բաքուն նոյեմբերին զինված հարձակում էր սկսել Հայաստանի վրա, և բոլորին պարզ էր դարձել, որ Ադրբեջանը կարող է ուժով Նախիջևան տանող միջանցք ճեղքել։ Բայց դա հեշտ չէ և հանդիպել է Մոսկվայի որոշ հակազդեցությանը, չնայած դեռ հնարավոր է:

Հենց նման պայմաններում էլ Հայաստանը նոր դիվանագիտական ​​գիծ է առաջ քաշել։ Հիմա նա բանակցում է Ադրբեջանի գործընկեր և հզոր հովանավոր Թուրքիայի հետ։ Հայաստանը տասնամյակների ընթացքում առաջին անգամ է բանակցում նրա հետ: Արդյո՞ք Հայաստանի նպատակը լայն համագործակցություն է Թուրքիայի հետ։ Ամենայն հավանականությամբ թեև Հայաստանը կարող է տնտեսական գործընկերություն զարգացնել Թուրքիայի հետ, բայց դա չէ նրա հիմնական նպատակը։ Հայկական դիվանագիտության հիմնական խնդիրն է Սյունիքում ադրբեջանական հարձակողական գործողությունների դեմ Թուրքիային զսպող միջոց դարձնելը և ժամանակ շահելը։

Հայաստանը հիմա չի կարող կռվել թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, դա իրատեսական չէ։ Եվ այն, ինչ Հայաստանը կարող է անել, անում է՝ խաղում է ժամանակի վրա։ Ի վերջո, քանի դեռ բանակցություններ են ընթանում, Լաչինը և Սյունիքը/Զանգեզուրը մնում են իր վերահսկողության տակ։ Իսկ Թուրքիան, քանի դեռ բանակցում է Հայաստանի հետ, ազդանշաններ է տալիս Ադրբեջանին առ այն, որ Հայաստանին հիմա ձեռք չտա։ Բայց որքա՞ն կարող է շարունակվել դա: Թուրքիայում էլ խելացի մարդիկ են իշխանության ղեկին, և նրանք չեն կարող չտեսնել ամբողջ պատկերը։ Վաղ թե ուշ Հայաստանը հետո պե՞տք է զիջի Զանգեզուրը։ Իսկ գուցե՞ ոչ: Հավանաբար, հույսն այն բանի վրա է, որ «հետո» չի լինելու։ Ինչո՞ւ: Թուրքիայի ապակայունացման պատճառով. նման ապակայունացումը կարող է ոչնչացնել Ադրբեջանի թուրքական ռազմական հովանոցը կամ լրջորեն թուլացնել այն։ Ինչո՞ւ պետք է հանկարծ Թուրքիայում ապակայունացում լինի: Որովհետև և՛ նախագահական, և՛ խորհրդարանական  ընտրություններն այդ երկրում պետք է անցկացվեն 2023 թվականի հունիսին, և շատ հավանական է, որ Էրդողանը արդար ընտրությունների դեպքում պարտվի։ Եթե ​​Էրդողանը հեռանա, նոր կառավարությունը՝ երեկվա ընդդիմադիրների գլխավորությամբ, ժամանակ չի ունենա Լեռնային Ղարաբաղի համար։ Նրանք զբաղված կլինեն իշխանության և ֆինանսական հոսքերի վերաբաշխմամբ։ Երկրում շատ բան կսկսի փոխվել, և այդ փոփոխությունները գուցե և երկար ժամանակով թուլացնեն Թուրքիայի արտաքին գրոհները։ Որպեսզի ​​Էրդողանը չհեռանա՝ մնում են ընտրակեղծիքները, բայց դա ևս կհանգեցնի ապակայունացման:

Թուրքիայում առաջին հերթին գնաճի պատճառով աճում է դժգոհությունը, նկատվում են զանգվածային բողոքի ցույցեր։ Ընտրակեղծիքների դեպքում բողոքի ալիքը շատ կբարձրանա, և միանգամայն հնարավոր է, որ Թուրքիան ապակայունանա, այսինքն՝ կրկին նրան հետաքրքիր չեն լինի Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրները։ Այստեղ խոսք է գնում միայն հավանական սցենարների մասին։ Էրդողանը կպահի՞ իշխանությունը՝ ոչ ոք չգիտի: Սակայն Ադրբեջանին մնացել է մի քանի ամսից մինչև մեկ տարի ճեղքելու Զանգեզուրի միջանցքը։ Այն դեպքում, երբ Թուրքիան թուլանա կամ ընկղմվի ներքին խնդիրների մեջ, ինչը հավասարազոր է նրա արտաքին թուլացմանը, դա անելու Ադրբեջանի կարողություններն արմատապես կնվազեն։ Հայաստանն իր հերթին ձգտում է Զանգեզուրի շուրջ բանակցությունները ձգձգել նման ժամկետներով։ Հայաստանի հույսը դրա վրա է։ Այո՛, ապագան ոչ ոք չգիտի, խոսքը միայն հնարավորությունների ու սցենարների մասին է, բայց Հայաստանի նման հաշվարկները ինչ-որ տեղ իրատեսական են։ Եթե ​​նույնիսկ Թուրքիայում ընտրությունները ոչինչ չփոխեն, մեկ տարում շատ բան կարելի է անել, օրինակ բանակը վերականգնելու առումով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular