Արցախում գտնվող խաղաղապահները զրահամեքենաներով երթ են իրականացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարժական պարեկային խմբերով բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել ժամանակակից զրահամեքենաներով՝ անցնելով Լեռնային Ղարաբաղի ընդհանուր օգտագործման և գրունտային ճանապարհներով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ շփման գծի երկայնքով ավելի քան 100 կիլոմետրանոց երթի ընթացքում ռուս խաղաղապահները ստուգել են՝ ինչպես է պահպանվում հրադադարի ռեժիմը, դիտարկել են օդային իրադրությունը, հարցում են անցկացրել բնակիչների շրջանում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Լեխանովը հայտնել է, որ ամեն օր խաղաղապահ զորակազմի զինծառայողները դիտարկում են անցկացնում Ասկերանի շրջանում՝ շփման գծի երկայնքով, կանգ են առնում բնակավայրերում, պայմանավորվածությունների խախտումը բացահայտելու համար շփվում տեղի բնակիչների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: