ԱՄՆ-ն անհանգստացած է փաշինյանական վարչախմբի հակաժողովրդավար քայլերից․ «Բրենդը» փլուզվում է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄինչ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, թե «ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է», նույնիսկ Միացյալ Նահանգների իշխանությունն է անհանգստանում փաշինյանական վարչախմբի հակաժողովրդավար քայլերից։ Ապացույցը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի վերջին օրերի ակտիվությունն է։
Դեսպանը նախօրեին հանդիպել է իրավապահ համակարգի ղեկավարներին, մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև խորհրդարանական ընդդիմությանը և քննարկել մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր։ Գլխավոր դատախազի հետ հանդիպմանը Լին Թրեյսնին բարձրացրել է եզդի իրավապաշտպանի դեմ քրեական հետապնդումներին, անդրադարձել է խոսքի ազատության և դատական համակարգի անկախության խնդիրներին։
Ուշագրավ է, որ ի տարբերություն ԱՄՆ դեսպանատան՝ դատախազությունը հանդիպումից հետո տարածած հաղորդագրության մեջ չի հիշատակել, որ անդրադարձ է կատարվել խոսքի ազատության, դատական համակարգի անկախության գործին։ Փոխարենը, պետական մարմինը հայտնել է, թե զրուցել են կոռուպցիայի դեմ պայքարից, ապօրինի գույքի բռնագանձման հարցերից։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանն էլ դեսպան Թրեյսին ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ուղուն, լսել ընդդիմության դիրքորոշումը դատական համակարգի, ընդդիմադիր ակտիվիստների դեմ հետապնդումների վերաբերյալ։
2018 թվականի իշխանափոխությունից հետո թերևս առաջին անգամն է, որ արևմտյան կառույցներն ու, հատկապես, ԱՄՆ դեսպանատունը նման արձանագրումներ են անում։ Օրերս հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն էր նաև իր մտահոգությունը ներկայացրել Հայաստանում խոսքի ազատ արտահայտման սահմանափակման մասին` կոչ անելով չեղարկել ծանր վիրավորանքը քրեականացնելու օրենքը: Իսկ The Economist հանդեսի ինդեքսի համաձայն, Հայաստանը համարվում է հիբրիդային իշխանակարգով երկիր:
Այս ամենը նշանակում է, որ նույնիսկ Արևմուտքում լուրջ չեն վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, իսկ «ժողովրդավարությունը որպես բրենդ» ներկայացնելու նրա խղճուկ փորձերը դատապարտված են ձախողման։
Արմեն Կիրակոսյան