COVID-19-ից հետո մեկ տարվա ընթացքում սրտի հիվանդությունների առաջացման վտանգը զգալիորեն բարձրանում է. հետազոտություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆCOVID-19-ից հետո մեկ տարվա ընթացքում պացիենտների մոտ բարձրանում է սիրտ-անոթային հիվանդությունների, այդ թվում՝ մահացու վտանգավոր կաթվածների եւ ուղեղի արնազեղումների առաջացման վտանգը։ Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։
Ըստ գիտնականների՝ արյունատար համակարգի հետ կապված խնդիրների առաջացման վտանգը բարձրանում է անգամ նրանց մոտ, ովքեր թեթեւ եւ միջին ծանրության են տարել COVID-19-ը։
Հետազոտողներն ուսումնասիրել են COVID-19-ով 153 760 մարդու, ինչպես նաեւ երկու ստուգիչ խմբերի տվյալները, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է եղել ավելի քան հինգ միլիոն մարդուց՝ գնահատելու համար սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը կորոնավիրուսային վարակից հետո։
Պարզվել է, որ COVID-19-ի առաջին 30 օրերից հետո կաթվածի վտանգը ավելացել է 1,52 անգամ, իսկ տրանզիտոր իշեմիկ գրոհներինը (ուղեղում արյան շրջանառության կարճաժամկետ խախտումներ)՝ 1,49 անգամ։ Նախասրտերի ֆիբրիլյացիայի վտանգն ավելացել է 1,71 անգամ; սինուսային հաճախասրտությունը եւ բրադիկարդիան՝ համապատասխանաբար 1,74 եւ 1,53; վենտրիկուլյար առիթմիան՝ 1,84 եւ նախասրտերի թրթռումը՝ 1,8 անգամ։
COVID-19-ը, ինչպես պարզվել է, բարձրացրել է նաեւ սրտի բորբոքային հիվանդությունների՝ պերիկարդիտի եւ միոկարդիտի առաջացման վտանգը, ինչի հավանականությունն ավելացել է համապատասխանաբար 1,85 եւ 5,38 անգամ։ Սրտի իշեմիկ հիվանդությունները (սիրտը սնուցող երակների սուր հիվանդություններ, միոկարդիտ, իշեմիկ կարդիոպաթիա եւ ստենոկարդիա) հաճախացել են 1,52-1,75 անգամ։ Կորոնավիրոսով հիվանդ պացիենտների մոտ նկատվող սիրտ-անոթային հիվանդությունների շարքում ներառվել են նաեւ սրտային անբավարարությունը, ոչ իշեմիկ կարդիոպաթիան, սրտի կանգը եւ կարդիոգենային շոկը, որոնց ընդհանուր վտանգն ավելացել է 1,72 անգամ։ Թրոմբոէմբոլիկ խախտումների վտանգը (զարկերակների եւ երակների խցանում) ավելացել է 2,39 անգամ։
Գիտնականների խոսքով՝ այս բոլոր վտանգները բարձրանում են անկախ տարիքից, ռասայից, սեռից եւ սիրտ-անոթային այլ գործոններից, ներառյալ ճարպակալումը, հիպերտոնիան, դիաբետը, երիկամների քրոնիկական հիվանդությունները եւ հիպերլիպիդեմիան։ Վտանգը մեծացել է նաեւ այն մարդկանց մոտ, ովքեր մինչեւ կորոնավիրուսով վարակվելը սիրտ-անոթային որեւէ հիվանդություն չեն ունեցել, նաեւ նրանց մոտ, ովքեր չեն հոսպիտալացվել սուր կորոնավիրուսային վարակի պատճառով։ Ընդ որում՝ որքան ավելի ծանր էր վարակը, այնքան ավելի բարձր է եղել հետքովիդային բարդությունների հավանականությունը։