Լուկաշենկոյի լկտիությունը գալիս է Փաշինյանի անողնաշարությունից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ հասարակությունը ցնցված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտահայտություններից։ Կոչեր են հնչում՝ Բելառուսի դեսպանին կանչել ԱԳՆ և բողոքի նոտա հղել, խիստ քննադատել Բելառուսի նախագահին, ընդհուպ լքել ՀԱՊԿ-ն։ Արևմտամետների հայաստանյան կոհորտան երեկվանից ուշքի չի կարողանում գալ, իսկ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ջուր են առել բերանները և անհետացել, ինչպես սովորաբար անհետանում են ցանկացած էքստրեմալ իրավիճակում։
Կրեմլի խոսափող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահը հայտարարել է, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնասիական այլ պետություններ։ Լուկաշենկոն անդրադարձել է հարցին, թե որ երկրները կարող են մաս կազմել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, լպիրշ արտահայտություններ արել Հայաստանի հասցեին։
«Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում... իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի... ի՞նչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահին մտրակելու կոչերի փոխարեն շատ ավելի արդարացի կլիներ հարցը, թե ինչը հանգեցրեց նման վիճակի, որ ինչ-որ բռնապետ իրեն թույլ է տալիս նման արտահայտություններ անել Հայաստանի հասցեին, և ինչու են լռում Հայաստանի իշխանությունները։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը առիթը բաց չէին թողնում ինքնիշխանության մասին խոսելու, Ռուսաստանին «հաթաթա» տալու, իրենց որպես ՀՀ անկախության առաջամարտիկներ ներկայացնելու։ Իշխանական քարոզչամեքենան ժամանակին Փաշինյանի զայրացկոտ նկարներն էր տարածում, «պատասխան պահանջող հայացք» գրառումներով, իսկ այսօր Փաշինյանն ու փաշինյանականները վերածվել են անողնաշար և ամորֆ զանգվածի, որն ի վիճակի չէ արձագանքելու Հայաստանի նկատմամբ ոտնձգություններին։
Բելառուսի նախագահի լպիրշության միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով իր անհեռատես և կարճամիտ քաղաքականությամբ նվազեցրեց ՀՀ ինքնիշխանությունը, պարտություն կրեց պատերազմում, իսկ այսօր դարձել է նույն այդ ՀԱՊԿ-ի կցորդը և խամաճիկը։ Ուստի բնավ էլ իմաստ չունի զարմանալ ու զայրանալ Բելառուսի նախագահի հայտարարություններից։ Քանի դեռ այդ հայտարարությունները կոշտ պատասխան չեն ստացել, քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին են ՀՀ ինքնիշխանությունը ոտատակ տվողները, այդ լկտիությունը ոչ առաջինն է լինելու, ոչ վերջինը։ Հայ հասարակությունը զայրույթի մի հասցեատեր ունի, որից էլ պիտի ստանա բոլոր պատասխանները։
Արման Գաբրիելյան