Երևան-Գյումրի ավտոճանապարհին 42-ամյա տղամարդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և տեղում մահացել է. ՔԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:
Ըստ նախնական տվյալների, 2022թ. փետրվարի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, 42-ամյա տղամարդը, իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով, հիշյալ վայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: