ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը նոր աշխարհաքաղաքականություն է նախապատրաստում Անդրկովկասում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Regnum.ru-ն գրում է, որ Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին, ով զբաղվում է տնտեսական հարցերով, ասել է, որ ապրիլ-մայիսին Սոֆիայում նախատեսվում է անցկացնել «Պարսից ծոց-Սև ծով միջանցքի համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը»։ Ճիշտ է, դեռ փաստ չէ, որ դրանք կավարտվեն վերջնական համաձայնագրի ստորագրմամբ, բայց հիշեցնենք, որ Թեհրանի հետ մեկտեղ այդ գործընթացին մասնակցում են Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը։
Անցած տարեվերջին, Բաքվի և Թբիլիսիի հետ համագործակցելով, Իրանից Սև ծով բեռներ տեղափոխելու փորձնական ծրագիր է իրականացվել։ Տարանցիկ երթուղու շրջանակում արդեն չորս ամիս է, ինչ իրանական ապրանքների փորձնական բեռներ են ուղարկվում ադրբեջանական Աստարայից դեպի Սև ծովի վրացական նավահանգիստներ։ Այնտեղից բեռնանավերով բեռները անցնում են Սև ծովով և շարժվում դեպի բուլղարական նավահանգիստներ (Բուրգաս և Վառնա), որից հետո էլ ցամաքային ճանապարհով դեպի Հունաստան, իսկ այնտեղից Եվրամիության այլ երկրներ: Այդ կապակցությամբ Իրանը մտադիր է երկրի հարավում գտնվող Օմանի ծովի և Պարսից ծոցի իր նավահանգիստները  միացնել Կասպից ծովում գտնվող նավահանգիստների հետ երկաթուղային ցանցով։ Այսպիսով, միջանցքը կմիացնի չորս առանցքային ծովային ավազանները՝  Պարսից ծոց և Օմանի ծով (Իրան), Կասպից ծով (Իրան և Ադրբեջան),  Սև ծով (Վրաստան և Բուլղարիա), Միջերկրական ծով (Հունաստան): Կարևոր է նաև նշել, որ Իրանի տարածքով են անցնում Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքը, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը: Բացի դա իրանցի փորձագետներն առաջարկում են այս բոլոր դեպքերում համագործակցել ԵԱՏՄ-ի հետ։

Թեհրանն ունի իր սեփական պատճառները Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծումը խթանելու համար: Դա դեպի Եվրոպա տարանցման Թուրքիայից կախվածությունը նվազեցնելու համար է: Այն, ինչը ևս ստիպում է Թեհրանին այլընտրանքներ փնտրել այսպես կոչված «Միջին միջանցքն» է, որը քարոզում է Անկարան։ Հնարավոր է, որ Պարսից ծոց-Սև ծով միջանցքը սկսի աշխատել Զանգեզուրի միջանցքից առաջ, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը պետք է կապի Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Ուստի Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծելու Իրանի ցանկությունը կապված է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Անդրկովկասում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։ Նշենք նաև, որ Նախիջևան-Երևան երկաթուղային երթուղին կարող է փոխարինել ներկայումս օգտագործվող Երևանից դեպի Իրանի սահմանին գտնվող Մեղրի քաղաք թանկարժեք և բարդ երթուղուն։ Այդ տարանցիկ կապի ապահովումը կարևոր քայլ կլինի Պարսից ծոց-Սև ծով միջանցքի լիարժեք իրականացման ուղղությամբ։

Իրանի ավտոմոբիլային ճանապարհների և տրանսպորտային կազմակերպության Միջազգային տարանցման և տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթիի խոսքով, նախատեսվում է քսան տարվա ընթացքում հասնել տարեկան 50 միլիոն տոննա բեռնափոխադրման։ Եթե դա տեղի ունենա, ապա, թուրք փորձագետ Էնգին Օզերի կարծիքով, «ժամանակն է խոսել Անդրկովկասում որակական աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին»։ Իրանը կկապվի Ռուսաստանի հետ, Հայաստանը կկարողանա ավելի ակտիվ առևտուր անել հարևան երկրների, այդ թվում Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ։ Ստեղծվող տարածաշրջանային ձևաչափում միակ խնդիրը կարող է լինել Վրաստանը, որն, ի դեպ, դեռ չի մասնակցում 3+3 հարթակին (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան): Սակայն Թբիլիսին դեմ չէ մասնակցել Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ծրագրին։ Իր հերթին Իրանը դիտարկում է Ռուսաստանի տարածքով Հյուսիս-Հարավ միջանցքով ոչ միայն դեպի Սև ծով, այլ նաև Բալթիկ ծով մուտք գործելու գաղափարը։ Սակայն իրադարձությունների այդ ընթացքը կարող է ձեռք չտալ Արևմուտքին, որը մտադիր է շարունակել այսպես կոչված զսպող ազդեցությունը Թեհրանի վրա։ Հնարավոր է, որ այդ գործում հենց Վրաստանը օգտագործվի որպես տրոյական ձի: Վաշինգտոնը Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի հետ կապված կարող է օգտագործել փորձված մարտավարությունը. նախ իրանցիներին և չինացիներին հնարավորություն կընձեռնի ներդրումներ կատարել այդ ենթակառուցվածքային նախագծում (ինչպես Գազպրոմը Հյուսիսային հոսք 2-ի դեպքում), այնուհետև խնդիրներ կստեղծի՝ ստիպելով անընդհատ դրանց լուծումները փնտրել և կավելացնի ներդրողների ծախսերը: Մինչդեռ Պարսից ծոց-Սև ծով միջանցքը ավելի քան երկու անգամ ավելի կարճ է, քան Սուեզի ջրանցքով անցնող երթուղին, իսկ բեռնարկղների առաքումով նաև շատ ավելի էժան է։ Ռուսաստանի մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» նախագիծը չափազանց դանդաղ է իրականացվում, և հետևաբար Թեհրանը կարող է ներգրավել նաև Հնդկաստանին, Օմանին և ապագայում նույնիսկ Իրաքին ու Սիրիային։ Վերջին շրջանում Թեհրանը աշխարհաքաղաքական հաջող քայլեր է անում։ ՇՕՍ-ին անդամակցելու նախաձեռնությունը և ԵԱՏՄ-ին միանալու հեռանկարն իրականացնում է Եվրասիական տնտեսական միության մաս դառնալու Իրանի վաղեմի երազանքը։ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի նախագծի հաջող իրականացումից հետո Իրանը, անշուշտ, կդառնա աշխարհաքաղաքական խոշոր խաղացող Մերձավոր Արևելքի քարտեզի վրա։

Եվ դա ոչ միայն նրա, այլ նաև Թեհրանի գործընկերների՝ Ռուսաստանի ու Չինաստանի համար է ձեռնտու: Այսպիսով, եթե Իրանը հաջողի, դա լուրջ հարված կլինի ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնություններին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կարևորությանը Սև ծովում, որպես հիմնական լոգիստիկ հանգույցի, ապա այն չի նվազի, այլ հակառակը՝ ռուսական նավահանգիստներում կավելանա բեռնահոսքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular