ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագրում» բուռն քննարկումներ են․ դեմ են Արայիկ Հարությունյանի թեկնածությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն այս օրերին բուռն քննարկումների մեջ են: Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո իշխող ուժի անդամները հույս ունեին, որ հանրության մեջ գոնե փոքր-ինչ հեղինակություն և վարկ ունեցող անձի կառաջադրեն նախագահի պաշտոնում, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի անվան շրջանառումը զայրացրել է անգամ շարքային կուսակցականների մի հատվածին։ Քննարկումներն ու բանավեճերն առայժմ ընթանում են փակ խմբերում, ՔՊ պատգամավորների մի մասը փորձում է մյուս մասին համոզել, որ աշխատակազմի ղեկավարի թեկնածության առաջադրումը կարող է վնասակար լինել կուսակցության հետագա ճակատագրի համար։

Բանն այն է, որ Արայիկ Հարությունյանն առանձնապես սեր ու հարգանք չի վայելում նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրի» շարքերում, իշխանության մեջ էլ նրան ոչ միանշանակ են վերաբերվում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագրում» հայտնի է որպես Նիկոլ Փաշինյանի «աչք ու ականջ», ցանկացած տեղեկություն նա հասցնում է Փաշինյանին, ընդ որում՝ իրեն ձեռնտու շեշտադրումներով։ Կադրային հարցերում էլ Արայիկ Հարությունյանը բազմիցս խոչընդոտել է փաշինյանական պաշտոնյաներին և պատգամավորներին։ Զարմանալի չէ, որ իշխող ուժի անդամները դժկամությամբ են քվեարկելու նրա օգտին, եթե Փաշինյանը որոշի առաջադրել նրա թեկնածությունը։ Մասնավորապես, ԱԺ իշխող խմբակցությունում առաջարկել են նախագահի պաշտոնում առաջադրել ցանկացած այլ թեկնածուի, միայն ոչ Հարությունյանին։

Շրջանառվում են Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի անունները, նույնիսկ պատրաստ են քվեարկել Լենա Նազարյանի օգտին։ Մի խումբ էլ այդ բուռն քննարկումներում առաջարկում է թեկնածու ընտրել ոչ կուսակցությունից, այլ արբանյակ ուժերի որևէ ղեկավարի։ Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանն ու իր հին գվարդիան հստակ հասկացրել են, թե չեն ցանկանում անվստահելի որևէ անձի ընտրել նախագահի պաշտոնում։ Փաշինյանի համար, ի դեպ, անվստահելի են անգամ սեփական կուսակիցները։ Նա շփվում է ՔՊ վարչության մի նեղ շերտի հետ, հարցրեը քննարկում նրանց հետ, իսկ վերջում կուսակիցներին դնում փաստի առջև։ Ամեն դեպքում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, դեռ հույսեր ունեն, որ կհաջողվի չեզոքացնել Արայիկ Հարությունյանի առաջադրումը նախագահի պաշտոնի համար։

Արմեն Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular