Դանիայում գնահատել են Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի՝ անվտանգության շուրջ երկխոսության հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսատլանտյան դաշինքը փոխզիջման չի գնա եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքների առումով, բայց պատրաստ է Ռուսաստանի հետ կոնկրետ առաջարկությունների շուրջ երկխոսության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Եեպե Կոֆոդը Twitter-ի իր օգտահաշվում հայտարարել է այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն ՌԴ-ին Է ուղարկել անվտանգության վերաբերյալ պատասխան առաջարկությունները:
«ՆԱՏՕ-ն փոխզիջման չի գնա եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքների առումով: Մենք առաջվա պես պատրաստ ենք կոնկրետ առաջարկությունների շուրջ երկխոսության»,-գրել է Կոֆոդը: Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն հունվարի 26-ին Ռուսաստանին է հանձնել իր առաջարկությունները՝ ի պատասխան Եվրոպայում անվտանգության շուրջ Մոսկվայի սկզբունքների:
2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը: Մոսկվան, մասնավորապես, արեւմտյան գործընկերներից պահանջում է իրավական երաշխիքներ՝ հրաժարվել դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից եւ հետխորհրդարանի երկրներում ռազմաբազաների ստեղծումից:
Նաեւ առաջարկությունները կետ են պարունակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինություններ չտեղակայելու եւ Արեւելյան Եվրոպայում դաշինքի ուժերի 1997 թվականի դիրքեր հետքաշելու վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: