Չի կարելի վստահել Ադրբեջանին ու հայելային հետքաշումը իրականացնել միայն փոխադարձ համաձայնության հիման վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայկական կողմը Ադրբեջանին գրավոր առաջարկների փաթեթ է ներկայացրել սահմանագծման աշխատանքների սկսման վերաբերյալ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ առաջարկները վերաբերում են զորքերի հայելային հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով: Ընդդիմությունն էլ իր հերթին այս տարբերակը խնդրահարույց ու անընդունելի է համարում։
Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
Հարցին, թե ինչ կարծիք ունի այս փաթեթի մասին` քաղաքագետն ասաց.«Դա բավականին խնդրահարույց է. նախևառաջ՝ չի կարելի վստահել Ադրբեջանին ու հայելային հետքաշումը իրականացնել միայն փոխադարձ համաձայնության հիման վրա, որովհետև չգիտենք՝ Ադրբեջանը հետ կգնա ու դրանից հետո արդյոք ինչ-որ պատրվակով հետ չի՞ գա: Մյուս կողմից էլ, հաշվի առնելով այն, որ Սև լճում նրանք արդեն մեր տարածքում են, նշանակում է, որ հայելային հետքաշման պարագայում մենք ավելի հետ ենք գնալու, իսկ նրանք վերադառնալու են մինչև իրենց տարածքի սահմանագիծը: Այս տարբերակը խնդիր չէր լինի, եթե վստահ լինեինք, որ սահմանագծման աշխատանքները կսկսվեն ու այդ սահմանագծումը կիրականացվի գոնե համաձայն այն սահմանների, որի մասին խոսում է մեր իշխանությունը: Բայց այդպիսի վստահություն չկա, անհասկանալի է, թե ինչպես կիրականացվի սահմանագծումը, ու դա որքան կտևի: Բայց պետք է նաև հաշվի առնել, որ այս իրավիճակը ինչ-որ կետում պետք է հանգուցալուծվի, և եթե Հայաստանը ուժային տարբերակը չի դիտարկում, մնում է այսպիսի քայլեր կատարել»։
Սոնա Գիշյան