ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Գալստյանին մեղադրում են խարդախություն կատարելու և փաստաթուղթ կեղծելու մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Անորակ հրթիռների» գործով Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը)։

Այս թեմայի մասին զրուցել ենք Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք կարող էր պաշտոնական փաստաթուղթ կեղծել փաստաբանն ասաց. «Դավիթ Գալստյանին մեղադրում են խարդախություն կատարելու և փաստաթուղթ կեղծելու մեջ։ Պարզապես զավեշտալի են այս մեղադրանքները։ Դրանք հիմնավորող գեթ մեկ ապացույց առկա չէ գործում։ Որևէ անդրադարձ չկա պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներին։ Այդ ուղղությամբ որևէ գործողություն չի կատարվել։ Իրականացվել է միակողմանի, սուբյեկտիվ, բացահայտ ապօրինի նախաքննություն։ Մենք խոսել ենք հրթիռների անորակ լինելու պնդումների մասին։ Գործում չկա որևէ ապացույց, որ դրանք անորակ են, ավելին, այդ հանգամանքը որոշելու նպատակով նախաքննության մարմինը դատախազության հովանավորությամբ բացահայտ համառությամբ մերժեց որևէ փորձաքննության իրականացումը։ Մինչդեռ գործում կարված է մի փաստաթուղթ, որին ես փորձագիտական եզրակացություն անվանել չեմ կարող։ Ինչ-որ մի անհասկանալի անձնավորություն, ում մասնագիտական փորձն ու փորձագիտական գիտելիքները որևէ վստահություն չեն ներշնչում, ստորագրել է «Փորձագիտական եզրակացություն» վերնագրված մի փաստաթուղթ, որի վրա հիմնվելով՝ նախաքննության մարմինը կառուցել է իր մեղադրական միտքը։ Դրանք որևէ մասնագիտական քննադատության չեն դիմանում, ինչի հետ կապված դատաքննության ժամանակ՝ ինչ պետք է, պաշտպանական կողմը կիրականացնի։

Ակնհայտ է, որ նախաքննությունը կիրառել է երկակի ստանդարտներ, մասնավորապես, երկու հավասարազորից ընտրել և առաջնորդվել է միայն իրեն ձեռնտու տարբերակով: Բացարձակապես գնահատման չեն ենթարկվել պաշտպանական կողմի համար բարենպաստ ապացույցները, որոնցով ամբողջությամբ հերքվում է Դավիթ Գալստյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը:

Կցանկանամ անդրադառնալ փաստաթուղթ կեղծելու մեղադրանքին։ Այս մեղադրանքը չի դիմանում նույնիսկ տրամաբանական որևէ կանոնի։ Խոսքը մատակարարման պայմանագրի կատարման արդյունքում դուրս գրված վճարահաշվարկային մի փաստաթղթի մասին է, որը բոլորին հայտնի է հաշիվ-ֆակտուրա անունով։ Ընդ որում, նախաքննության ընթացքում ներկայացվել են բացատրություններ և ցուցմունքներ, որ այդ փաստաթուղթն իրենից ոչինչ չի ներկայացնում, քանի որ առկա է կնքված պայմանագիր և հանձնման ընդունման ակտեր։ Չեմ ցանկանում այս պահին բացել շատ փակագծեր, սակայն նախաքննության մարմինը որևէ կերպ պետք է նկարագրեր, թե խարդախությունը ինչպես է կատարվել, և գտել է այդ եղանակը՝ դիտել է հաշիվ-ֆակտուրան կեղծելը: Նախաքննության մարմինը այդպես էլ չկարողացավ նշել, թե ո՞րն է հաշիվ-ֆակտուրան կեղծելու նպատակը, եթե առկա են դրա հիմք հանդիսացող մատակարարման պայմանագիրը և իրավունքը հաստատող այլ փաստաթղթերը։

Ի դեպ, նախաքննության ընթացքում մեզ առաջարկվել է՝ վաղեմության ժամկետների անցնելու հիմքով փաստաթուղթ կեղծելու մասով Դավիթ Գալստյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել, սակայն մենք այդ առաջարկը մերժել ենք, քանի որ նշված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, և մենք չենք ցանկանում անօրինական մեղադրանքը հանվի վաղեմության ժամկետի (ոչ արդարացման) անցնելու հիմքով: Այս և մեղադրանքի մյուս մասի վերաբերյալ մեր գործողություններին ականատես կլինեք դատաքննության ժամանակ, և լիահույս ենք, որ բոլորը կտեսնեն նախաքննական մարմնի և դատախազության կողմից սույն քրեական գործով թույլ տրված ապօրինությունները»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular