ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ի գործողությունը Ղազախստանում. խաղաղապահ գործողությու՞ն, թե՞ ներխուժում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

realtribune.ru-ն գրում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով Ղազախստան է ուղարկվել ՀԱՊԿ զինված ուժերի զորախումբ՝ հիմնականում կազմված ռուս զինծառայողներից։ Չգիտես ինչու, այս կազմակերպությանը մասնակցող երկրների պաշտոնական իշխանությունները որոշել են այդ զորախումբն անվանել խաղաղապահ զորախումբ։ Որքանո՞վ է արդարացված և իրավաչափ այդ անվանումը և օտարերկրյա զինված ուժերի միջամտությունը ղազախական հակամարտությանը։

ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում հաստատված պրակտիկայի համաձայն՝ խաղաղապահներն ուղարկվում են տարածաշրջանային հակամարտությունների գոտիներ, որպես կանոն, կոնֆլիկտի բոլոր կողմերի համաձայնությամբ։ Բացառություն կարող է արվել խաղաղ բնակիչների զանգվածային սպանդի դեպքում, որպեսի, օրինակ, դադարեցվի որոշակի ցեղասպանությունը (Ռուանդա, Բուրունդի) կամ դադարեցվի արյունահեղությունը։ Նման դեպքերում իրականացվում է խաղաղապահ կամ մարդասիրական գործողություն։ Որոշակի հակամարտությունում ռազմական ուժ կիրառելու որոշումը ընդունվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական ​​անդամների կողմից կոնսենսուսով: Բայց մինչ հիմա մենք լսել ենք միայն նախագահ Տոկաևի դիմումը ՀԱՊԿ-ին ռազմական օգնության խնդրանքով։

Որպես իր երկրի տարածք օտարերկրյա զորքեր մտցնելու պատրվակ կամ առիթ՝ նա ապստամբ բնակիչներին անվանել է ահաբեկիչներ և մատնանշել նրանց որոշակի հիպոթետիկ կապը օտար ուժերի հետ։ Նախագահը չի մանրամասնել այդ թեզը, և կարելի է միայն կռահել, թե ի՞նչ է ի նկատի ունեցել դա ասելով։ ՀԱՊԿ-ն ի սկզբանե ստեղծվել է որպես արտաքին ագրեսիայից բոլոր մասնակից երկրների հավաքական պաշտպանության կազմակերպություն։ Մինչ այժմ կազմակերպությունը հետևել է իր կանոնադրության այդ դրույթին: Անգամ 2020 թվականի սեպտեմբերին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի դեմ Թուրքիայի Զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ը չի համարձակվել միջամտել այդ հակամարտությանը և դադարեցնել մարդկային զանգվածային կորուստները։ Հիմա, ասես կախարդանքով, Ղազախստանում է հայտնվել ՀԱՊԿ-ի ռազմական կոնտինգենտը, որն իբր տեղի ուժայինների ու բանակի փոխարեն պետք է հսկի պետական ​​կառույցներն ու այլ կարևոր օբյեկտները։

Այսպիսով, ի՞նչ է տեղի ունենում, արդյո՞ք սա նշանակում է, որ Ղազախստանի ուժային կառույցները չեզոք դիրք են գրավել ապստամբների և իշխանությունների միջև ներքին հակամարտությունում կամ նույնիսկ անգամ մասամբ անցել են ապստամբների կողմը։ Ստացվում է, որ ՀԱՊԿ-ի օտարերկրյա զինվորականները վերածվել են ինտերվենտների, ովքեր եկել են աջակցելու Տոկաև-Նազարբաևի սնանկ ռեժիմին։  Ստեղծված իրավիճակում ամենահավասարակշռված քաղաքականությունը վարում է Չինաստանի ղեկավարությունը, որը Ղազախստանի հակամարտությունը դիտում է որպես այդ երկրի զուտ ներքին գործ։ ՀԱՊԿ երկրների ղեկավարներին ևս չէր խանգարի նման խելամտություն ցուցաբերել և Ղազախստանում ռազմական ուժ կիրառելուց զերծ մնալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular