Omicron-ի պահվածքը հարցեր է առաջացնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆKommersant.ru-ն գրում է, որ Օմիկրոն շտամը կարող է այնքան անվնաս չլինել, որքան թվում էր մինչ հիմա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել, որ կորոնավիրուսի այդ տարբերակն ամբողջ աշխարհում հոսպիտալացումների և մահերի մեծ ալիք կառաջացնի։ Օմիկրոնն արդեն տարածվել է բազմաթիվ երկրներում, սակայն գիտնականները դեռ վատ են ծանոթ այդ շտամի վարքագծին: ԱՀԿ մասնագետները վստահ են միայն, որ այն արագ է փոխանցվում, ինչպես նաև դիմացկուն է պատվաստանյութերին։ Առայժմ Մեծ Բրիտանիայում հայտնի է COVID-19-ի այդ տարբերակով հիվանդի մահվան միայն մեկ դեպքի մասին։
Բայց ԱՀԿ-ն ընդգծում է, որ շատ երկրներ դեռևս չունեն տեխնիկական հնարավորություն ուսումնասիրելու բոլոր մահացածներին որոշելու համար, թե կոնկրետ ո՞ր շտամն է մարդու մահվան պատճառ դարձել: Հետևաբար, դժվար է խոսել իրական վիճակագրության մասին: Դա հաստատել է Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի միջդիսցիպլինար բժշկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անտոն Բարչուկը. «Միակ բանը, որը մենք կոնկրետ գիտենք այն է, որ այն ավելի արագ է տարածվում քան նախկիները: Եվ դա նկատվում է ոչ միայն Հարավային Աֆրիկայում, այլ նաև բոլոր եվրոպական երկրներում, որտեղ, ամենայն հավանականությամբ, մինչև Ամանոր «օմիկրոնը» կլինի այն հիմնական շտամը, որը կհայտնաբերվի բոլոր հիվանդների մոտ։ Բայց մինչ այժմ մահացության մասին տվյալներ չունենք, և դրա պատճառով, առկա են տրամագծորեն հակառակ կարծիքները։ Ցավոք, հավանաբար մի քանի շաբաթ կպահանջվի՝ պարզելու համար, թե որքանո՞վ է այն մահացու։ Մենք գիտենք, որ վարակվելու պահից մինչև մահվան պահը, եթե այն տեղի է ունենում, սովորաբար տևում է մոտ մի քանի շաբաթ։ Դրանից հետո դեռ պետք է տվյալներ հավաքել և վերլուծել դրանք: Կարծում եմ, որ մինչև Ամանոր մենք ավելի շատ տեղեկատվություն կունենանք այդ տարբերակի մասին։ Եվ մի կարևոր պահ. եթե նույնիսկ նա իսկապես ավելի շատ մահեր չառաջացնող տարբերակ է, ապա գոնե հոսպիտալացումների և մահացությունների բացարձակ թիվը մեծ կլինի այս շտամի շատ արագ տարածման պատճառով։ Եվրոպական շատ երկրներում «դելտա» տարբերակը փոխարինվում է հենց հիմա «օմիկրոն»-ով։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նոր տարբերակով հայտնաբերված դեպքերի մասնաբաժինը աճել է 10 անգամ, և կանխատեսվում է, որ աճը կշարունակվի։ Արդյո՞ք այս տարբերակն ամբողջությամբ կփոխարինի «դելտային», մենք կրկին կտեսնենք Ամանորին։ Բայց դա հնարավոր սցենարներից մեկն է»։
«Արդեն պարզ է, որ COVID-19-ի օմիկրոն տարբերակն այլ կերպ է գործում, քան իր նախորդ շտամները։ Բայց ամբողջական պատկերի համար գիտնականներին կպահանջվի ևս մոտ վեց ամիս,- նշել է վարակաբան, «Բժշկության առաջատար» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Եվգենի Տիմակովը.- մենք տեսնում ենք, որ, բարեբախտաբար, այժմ գրեթե չկան ծանր ելքեր, բայց երեխաների, հատկապես մինչև չորս տարեկանների մոտ հիվանդության ավելի ծանր ընթացքը շատ մտահոգիչ է։
Հետևաբար ես երևի չէի ասի, որ այդ շտամը բնական պատվաստանյութ է, այսինքն կուժեղացնի մեր իմունիտետը, քանի որ հայտնի չէ, թե ինչպե՞ս այն կազդի երեխաների վրա։ Ավելին, մենք չգիտենք, թե ինչ բարդություններ կարող են լինել հիվանդությունից հետո, դա ժամանակ է պահանջում՝ առնվազն հինգից վեց ամիս։ Մենք չգիտենք, թե ինչպես է դա ազդում սրտանոթային, կենտրոնական նյարդային համակարգի և մեր մնացած օրգանների և հյուսվածքների վրա»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը