Հայ-թուրքական երկխոսությունը միայն վտանգում է Հայաստանի ապագան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹուրքիան ամբողջ թափով շարունակում է առաջ մղել հայ-թուրքական երկխոսության գաղափարը, իսկ Հայաստանի՝ իրենց «ամենաթափանցիկ» հռչակած իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանրությունից թաքցնում են թե՛ այդ բանակցություններում Հայաստանի օրակարգն ու ակնկալիքները, թե՛ հնարավոր ռիսկերը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նախօրեին կրկին հայտարարել է, թե Երևանի և Անկարայի կողմից բանագնացներ նշանակված ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը շուտով կհանդիպեն։ Չավուշօղլուն գրեթե ամենօրյա ռեժիմով է անդրադառնում երկխոսությանը, անընդհատ շեշտում, որ Հարավային Կովկասին վերաբերող հարցերը Անկարան շարունակում է քննարկել և համատեղ որոշումներ կայացնել Բաքվի հետ։ Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն հրաժարվում է հստակեցնել հանդիպման ժամկետները։ ԱԳՆ խոսնակն է միայն նշել, թե «Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների մասին պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կտեղեկացվի»։
ՀՀ կողմից բանագնաց նշանակված Ռուբեն Ռուբինյանն էլ որևէ կերպ չի մեկնաբանում երկխոսության փաստը, բանակցություններում հայկական կողմի օրակարգն ու ակնկալիքները։ Ռուբինյանի նշանակումը վրդովմունքի ալիք է բարձրացրել ՀՀ ԱԳՆ համակարգում։ Դիվանագիտական բազմամյա փորձ ունեցող դիվանագետները տարակուսած են, որ բանագնաց է նշանակվում ոչ թե արտաքին քաղաքականության համար պատասխանատու համակարգի ներկայացուցիչը, այլ մեկը, ով կրթություն ու փորձ չունի, և ում միակ արժանիքը Նիկոլ Փաշինյանի վստահելի անձ լինելն է։ Հենց վերջին հանգամանքն էլ դարձել է Ռուբինյանի նշանակման պատճառ։
Հայ-թուրքական երկխոսությունը չափազանց նուրբ թեմա է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վստահեր ԱԳՆ համակարգից որևէ մեկին։ Ի վերջո, ԱԳՆ-ում հայրենասեր և մասնագիտական արժանապատվություն ունեցող մարդիկ են աշխատում, որոնք չէին կատարի Փաշինյանի փոստատարի դերը, իրենց հնարավորությունների չափով կփորձեին առաջ մղել Հայաստանի շահերը, դեմ կարտահայտվեին ՀՀ դեմ իրականացվող գործողություններին։ Ռուբինյանն այդ իմաստով իդեալական կերպար է՝ փաշինյանական մյուս սպասարկուների պես զուրկ բարոյական արգելակներից։ Եվ նա այդ բանակցություններում կատարելու է ոչ թե ՀՀ կողմից բանակցողի, այլ պարզապես Նիկոլ Փաշինյանի անձնական օրակարգը ներկայացնողի դերը։ Իսկ Հայաստան, փաստացի, հայտնվելու է ծանր իրավիճակում, երբ բանակցությունները ընթանալու են ոչ թե Հայաստանի և Թուրքիայի, այլ Փաշինյանի և Թուրքիայի միջև։
Հայկ Սաղաթելյան