Փորձագետ. Վրաստանի խաղաղարար նախաձեռնությունները Ղարաբաղի հարցում «մերկապարանոց փիառ» է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆregnum.ru-ն գրում է, որ Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու Վրաստանի խաղաղարար նախաձեռնությունների հետևում ոչինչ չկա, բացի արտաքին քաղաքական մերկապարանոց փիառից։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։ Փորձագետի կարծիքով Վրաստանը պարզապես փորձում է իր տեղը գտնել փոխված Անդրկովկասում։ Իրավիճակն այնտեղ նրա համար վատացել է։ Վրաստանը հայտնվել է Աբխազիայում, Հարավային Օսիայում, Հայաստանում, այժմ նաև Ադրբեջանի տարածքում դե յուրե տեղակայված ռուսական ռազմակայաններով շրջապատված, քանի որ ակնհայտ է, որ հակամարտության գոտում գտնվող ռուս խաղաղապահները դե ֆակտո ռազմակայան են ներկայացնում։ Ունենալով հակամարտություններ սեփական տարածքում՝ Վրաստանը չի կարող որևէ միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ասել է փորձագետը։ Նրա կշիռը դիվանագիտության, ինչպես նաև բոլոր այլ ոլորտներում շատ ցածր է։ Նա ի վիճակի չէ որևէ բան առաջարկել, բացի տարանցման գործառույթից: Ուստի, ըստ փորձագետի, կա մի կողմից սեփական տեղի որոնում, մյուս կողմից ինքնագովազդում։ «Վրաստանը ցանկանում է ցույց տալ: «Մենք դեռ այնտեղ ենք. Մենք դեռ կարող ենք ինչ-որ բան անել: Եվ դուք դեռ չպետք է մեզ հաշվից հանեք», - ասել է փորձագետը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին, ելույթ ունենալով Ստոկհոլմում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին ասել էր, որ Թբիլիսին պատրաստ է հարթակ առաջարկել Բաքվի և Երևանի հետ եռակողմ երկխոսության համար։ Իսկ սեպտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել էր «Խաղաղ հարևանության նախաձեռնություն»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը