«Աֆղանստանից զինյալները կարող են փախստականների քողի տակ ներթափանցել ԱՊՀ երկրներ». Պատրուշև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները ժամային ռումբ է տեղադրել Աֆղանստանում՝ այնտեղ թողնելով մեծ քանակությամբ զենք՝ Թալիբանի իշխանության գալու ֆոնին: Այս մասին, interfax.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«Ներկայիս իրավիճակում այն կարող է հեշտությամբ ընկնել ԻՊ-ի, «Ալ Քաիդա»-ի կամ այլ խմբավորումների ահաբեկիչների ձեռքը, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում մեր պետությունների համար»,-ասել է նա չորեքշաբթի Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Պատրուշևը նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով Աֆղանստանից զինյալները կարող են փախստականների քողի տակ ներթափանցել ԱՊՀ երկրներ: Վերջիններիս թվի կտրուկ աճը նա համարել է տարածաշրջանային լուրջ սպառնալիք:
Պատրուշևն ԱՊՀ երկրներին կոչ է արել ուժեղացնել միջազգային ահաբեկիչների և Արևմուտքի ծրագրերի մասին հետախուզական տեղեկատվության փոխանակումը: